NEWS.am–ը գրում է․
«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նախօրեին Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածք է ստացել։
«Երեկ ես հիվանդանոցում հետազոտվել եմ. ունեմ կողոսկրի կոտրվածք»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արթուր Ղազինյանը, ընդգծելով, որ դուրս է գրվել հիվանդանոցից։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել էին դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում:
Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։
«Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չէին տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց էր սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման էին ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ էին գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը