Ըստ վերջին տվյալների՝ Բաղդադի Կանաչ գոտում Իրաքի անվտանգության ուժերի և իրաքցի շիա հոգևորական, քաղաքական գործիչ Մուկթադա աս Սադրի հետևորդների միջև բախումների հետևանքով զոհվել է 30 մարդ, ևս 700-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի, երբ Մուկթադա աս Սադրը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին, հարյուրավոր նրա կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի Կանաչ գոտի, շրջապատել են Հանրապետական պալատը և մտել շենք:
Իրաքի բանակի հրամանատարությունը երկուշաբթի պարետային ժամ է հայտարարել ամբողջ երկրում: Չնայած համազգային պարետային ժամին, բախումները շարունակվում են մայրաքաղաքում և Իրաքի մի շարք շրջաններում։
Իրաքի նախարարների կաբինետը փակել է կառավարական գրասենյակները՝ շարունակվող պարետային ժամի պատճառով, հայտնում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA):
Իրանն այսօր փակել է Իրաքի հետ սահմանը, դադարեցրել չվերթները՝ Իրաքի շիական սրբավայրեր ամեն տարի տեղի ունեցող միլիոնավոր իրանցիների ուխտագնացությանն ընդառաջ։
Մյուս հարևան երկիրը՝ Քուվեյթը կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրաքից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը