30 05 2022

Անմտություն է կարծել, որ որևէ մեկը մեր փոխարեն գալու է մեր երկիրը պաշտպանելու․ Լեռնիկ Հովհաննիսյան



Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման օրը, Ստեփանակերտում «հանուն ԱՐՑԱԽԻ ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱՈ» խորագրով բազմահազարանոց երթ ու հանրահավաք է կայացել:

Երթի մասնակիցները Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից «Միություն, պայքար, հաղթանակ», «Պայքար հանուն Արցախի», «Նիկոլ դավաճան» կոչերով, «Զարթնիր, լաո» և այլ հայրենասիրական երգերի ուղեկցությամբ շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կայացել է հանրահավաք։

Հանրահավաքին ելույթով հանդես է եկել ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Իր ելույթում նա ասել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

1918թ-ին միասնությամբ կարողացանք ստեղծել այն ժամանակին քաղաքակիրթ արժեհամակարգին բնորոշ պետություն՝ բազմակուսակցական պետական կառավարման համակարգով, բանակով, պետական խորհրդանիշերով, կրթությամբ, մշակույթով և 12 000 քառ․ կմ-ից Հայաստանը դարձավ 67 000քառ․ կմ-ոց ինքնուրույն պետություն։

Ճիշտ է, արտաքին բիրտ միջամտությամբ Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց կարողացավ հիմք ստեղծել թե՛ Խորհրդային Հայաստանի, թե՛ հետագա 3-րդ հանրապետության համար։ Եթե չլիներ Հայաստանի առաջին հանրապետությունը, ապա չէր լինի ո՛չ Խորհրդային հանրապետությունը, ո՛չ 3-րդ հանրապետությունը․ սա է մայիս 28-ի և եռագույնի խորհուրդը։

Հայոց անկախ պետականությունը պետք է լինի մեր ազգային գաղափարախոսության հիմնասյուներից մեկը, ինչպես նաև առաջին հանրապետության դասերից է․ մենք պետք է առաջին հերթին առաջնորդվենք մեր ազգային, պետական շահերով, ցուցաբերենք անկոտրում կամք, որովհետև այսօրվա այս աշխարհաքաղաքական վայրիվերումներով, առանց ազգային, պետական շահը գիտակցելու անմտություն կլինի կարծել, որ որևէ մեկը մեր փոխարեն գալու է մեր երկիրը պաշտպանելու և շենացնելու։

Սա առաջին հերթին մեր բոլորիս գործն է, մեր բոլորիս ամենօրյա աշխատանքն է։

Առաջին հանրապետության կարևորագույն դասերից է՝ ունենալ անկոտրուն կամք, միասնական և ունենալ այն տեսլականը, որը կոչվում է Ազատ, անկախ ու միասնական Հայաստան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ