«Հանրապետական» կուսակցության տեղական մարմինների առաջնորդների բնակարաններում խուզարկություններ են իրականացնում: Լրագրողների հետ զրույցում կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադառնալով խուզարկություններին, ասաց, թե իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի հիմնադրած և Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչներին ինչ-որ խուզարկություններով վախեցնել չեն կարող։
«Իրենց տեսակն է վախենում խուզարկություններից, մեր տեսակը չի վախենում։ Դրանք անհեթեթ, հիմնազուրկ խուզարկություններ են, վստահ եմ, որ որևէ բան չի հայտնաբերվելու, որովհետև հայտնաբերելու բան չկա», - ասաց Մամիջանյանը։
Արձագանքելով իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե երկրում իշխանափոխության վտանգ չկա, Մամիջանյանն ասաց.
«Իշխանափոխության վտանգ չեն տեսնում, դրա համար էլ իրենց երեսփոխաններն իրար հերթ չտալով ասում են, թե իշխանափոխություն չի՞ լինելու։ Նիկոլն այլևս չկա, դրա համար էլ երեսփոխանները վախեցել են։ Շուտով դա կփաստագրվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը