12 05 2022

Տասնամյակների աշխատանքը սնանկացվեց 2018թ. թավշյա վակխանալիայից հետո․ Վահե Դավթյան

Տասնամյակների աշխատանքը սնանկացվեց 2018թ. թավշյա վակխանալիայից հետո․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել, որում ասվում է․

«Օրերս Թեհրանի կողմից Հայաստանի հետ 2004 թ. կնքված համաձայնագրի չեղյալ հայտարարելը ու Իրանի տարածք մուտք գործող հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներից 120 դոլար գանձելու մասին որոշումը հերթական վկայությունն է առ այն, որ հայ-իրանական հարաբերությունների խորացմանն ուղղված տասնամյակների աշխատանքը նպատակայնորեն սնանկացվեց 2018 թ. թավշյա վակխանալիայից հետո: 

Ահա այդ աշխատանքի որոշ առանցքային արդյունքներ.

2005 թ. Իրանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում շահագործման հանձնվեց Հարավային Կովկասի առաջին հողմային էլեկտրակայանը (Պուշկինի լեռնանցք, Լոռի),

2005 թ. կառուցվեց ու շահագործման հանձնվեց Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Դարավան մայրուղին,

2007 թ. շահագործման հանձնվեց Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածը,

2008 թ. ավարտին հասցվեց գազատարի երկրորդ հատվածի շինարարությունը՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման գործարքի կնքմամբ,

2007 թ. Երևանի ու Թեհրանի միջև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ պայմանագիր ստորագրվեց՝ Հայաստանի համար առավել քան հարմար պայմաններով,

2015 թ. նախաձեռնվեց Հյուսիս-Հարավ միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը, որի առանցքային հատվածի՝ Իրան-Հայաստան 3-րդ գծի կառուցման աշխատանքներն առ այսօր պարալիզացված վիճակում են,

2017 թ. նախաձեռնվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որը ևս 2018-ից հետո դուրս բերվեց միջպետական օրակարգից:

Վերոնշյալ արդյունքներից յուրաքանչյուրը վկայում է այն մասին, որ մինչև 2018-ը Հայաստանը հանդիսանում էր տարածաշրջանային կարևոր գործոն՝ սեփական հստակ շահերով ու ռազմավարական մեծ ներուժով:

Հաշվի առնելով հայ-իրանական դարավոր քաղաքակրթական կապերը՝ վստահ եմ, որ նոր ձևավորվող աշխարհակարգում Թեհրանի ու Երևանի ռազմավարական երկխոսությունից շատ բան է կախված լինելու Կովկաս-Կասպյան տարածաշրջանում: Եթե, իհարկե, մեզ որպես ազգ դրսևորենք: Իսկ թե ինչ է պետք դրա համար, բոլորդ գիտեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ