Էներգետիկ անվտանգության փորձագետ, ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Միջին միջանցնքն» էլ է շրջանցելու Հայաստանը:
Ավելի շուտ՝ արդեն շրջանցում է:
Այսօր արդեն Կենտրոնական Ասիայի երկրները, մասնավորապես` Ղազախստանն ու Ուզբեկստանը, համագործակցություն են զարգացնում միջանցքի առանցքային շահառու հանդիսացող Չինաստանի հետ՝ եվրասիական այս կարևոր ենթակառուցվածքի զարգացման շուրջ:
Իր հերթին, Չինաստանը 2022 թ-ից ի վեր ռազմավարական երկխոսության մեջ է Ադրբեջանի հետ՝ «Միջին միջանցքը» «Գոտի և ճանապարհ» մեգածրագրին ինտեգրելու նպատակով:
Ադրբեջանն էլ փորձում է համոզել ԵՄ որոշ դերակատարներին «Միջին միջանցքի» ռազմավարական նպատակահարմարության մեջ՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղու ձևավորման համատեքստում: Երթուղի, որը վաղուց արդեն անցնում է Վրաստանով և հայտնի է` որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի: Վերջինս, իր հերթին, մեծ հավանականությամբ կմիանա Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղուն՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքով» շարունակվելու հեռանկարով՝ վերջնականապես սեղմելով տրանսպորտային օղակը Հայաստանի շուրջ: Ահա այսպիսի «Անակոնդայի մեթոդ»:
Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է «Միջին միջանցքի» կոմերցիոն ցուցանիշների վրա:
Պահանջարկն այս հաղորդակցության հանդեպ աճում է օրըստօրե: Այսպես, 2024 թ-ի 10 ամսվա ընթացքում դրանով իրականացվող բեռնափոխադրումներն աճել են 68%-ով՝ հասնելով 3,8 մլն տ-ի:
Միջանցքի շահառուներն արդեն խոսում են դրա թվայնացման մասին, իսկ դա նշանակում է, որ դրա վերաբերյալ բոլոր ռազմավարական որոշումները վաղուց կայացվել են:
Ուստի, անգամ Հարավային Կովկասի ամբողջական տրանսպորտային ապաշրջափակման դեպքում որևէ մեկը չի վերանայելու տարիներով, իսկ առանձին դեպքերում՝ տասնամյակներով մշակված ու ձևավորված հաղորդակցությունների լոգիստիկան:
Մենք կորցրել ենք ամենակարևորը՝ ժամանակը:
Ուստի, գանք իրականություն:
Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը