22 04 2022

Ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ․ Իշխան Սաղաթելյան



Հա՛րգելի հայրենակիցներ,  սի՛րելի գաղափարակից ընկերներ, մեր երկիրը հասել է մի այնպիսի նոր հանգրվանի, որ հաջորդ փուլն այսպես շարունակելու դեպքում Հայաստանի և Արցախի համար լինելու է կործանարար։ Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլ, առհասարակ, պետականության կորստի իրական վտանգի առջև։ Սա պարզապես խոսքեր չեն, սա դառը իրականություն է։

Բոլոր փաստերը ներկայացված են, ապացույցները՝ բերված․ ով աչք ունի՝ տեսել է, ով ականջ ունի՝ լսել է։ Հիմա արդեն գործի ժամանակն է։ Ես եկել եմ այստեղից հայտարարելու, որ մենք՝ մեր թիմով, մեր ամբողջ  ռեսուրսով, մեր հազարավոր հայրենակիցներով և աջակիցներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց՝ այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով։ Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, հանուն  հայ տեսակի։ Սա մեկ ուժի, մեկ կուսակցության, մեկ կազմակերպության կամ անհատի պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության։ Սա հայոց պետականության պահպանման և զարգացման համար պայքար է, և բոլոր նրանք, ովքեր այսպես են մտածում, մենք իրենց հետ ենք, իրենք մեզ հետ են։ Իրենք մեր զինակիցներն են, իրենք մեր պայքարի ընկերներն են և այս դիմադրության շարժման առաջամարտիկը։

Սի՛րելի հայրենակից, դու չես պայքարում մեզանից որևէ մեկին իշխանության բերելու համար, դու պայքարում ես ինքդ քեզ համար, քո զավակների համար, քո ծնողների համար, քո քույրերի և եղբայրների համար։ Դու պայքարում ես հայ մարդու արժանապատիվ ապագայի համար, մեր բարեկեցիկ, ազատ, անկախ ապրելու իրավունքի համար։ Այդ պայքարը գոյութենական և սրբազան պայքար է, հետևաբար՝ այլընտրանք չկա, նահանջ չկա, այլ ճանապարհ չկա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վերջ, մենք ունենք ներուժ՝ դա մեր ժողովուրդն է, մենք ունենք կամք և վճռականություն։

Առաջիկա ծրագրերի մասին․ Ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական Ջահերով երթ, մեր պահանջատիրության, մեր միասնականության, մեր պայքարը խորհրդանշելու, մեր ուխտի երթը։ Բոլորիդ հրավիրում ենք Ջահերով երթին։ Մենք այդ օրը ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք և ապացուցենք՝ մենք տեր ենք Արցախին, մենք տեր ենք մեր պետականությանը և տեր ենք հայ ժողովրդի ապագային, որի համար պատրաստ ենք պայքարել, իսկ ապրիլի 25-ից մենք ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։

Նախ, ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում՝ ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով  ձեզ կտեղեկացնենք։

Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար՝ նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում։

Հենց հիմա այս խորհրդանշական վայրից հայտարարում եմ՝ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ