ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է ապրիլի 7-ին կայանալիք խնջույքին զոհված զինծառայողների մայրերին հրավիրելու հետ կապված քննարկումներին։
«Վերջին օրերին հերոսների մայրերը զանգեր են ստանում համապատասխան հաստատություններից՝ մարզպետարան, քաղաքապետարան, թաղապետարան և հրավիրվում են մասնակցելու ապրիլի 7-ին կայանալիք ինչ-որ խնջույքի, չեմ ասի՝ ում կողմից է հրավերը, բոլորդ էլ լավ գիտեն՝ ովքեր են այդ հրավերի հեղինակները, բայց այդ ամեն զանգը, հրավերը ցնցումների մեջ է գցում հերոսների մայրերին։ Սիրելի՛ մայրեր, դուք եք որոշում գնալ, թե ոչ, բայց մի խնդրանք ունեմ՝ անկախ նրանից, կգտնվեն մայրեր, ովքեր կգնան այդ խնջույքին, թե ոչ, դուք իրար նկատմամբ եղեք հաշտ և զերծ մնացեք իրար վիրավորելուց։ Այս ամեն ինչի հիմնական նպատակը մայրերին բաժանելն է»,- ասաց Նազարյանը։
Նա նշեց, որ որոշ մայրեր վախից դրդված են որոշել ընդունել այդ հրավերը։
«Տարբեր տեսակի «ակտիվիստուհիներ» մայրերի շրջանում աշխատանք են տանում և լուրեր են տարածում, որ եթե դուք չընդունեք հրավերը, ապա այն փոխհատուցումը, որ ստացել եք ձեր որդու զոհվելուց հետո, կվերադարձվեն։ Տպավորություն են ստեղծում, որ մարդիկ կարծեն՝ փոխահատուցան որոշումը կայացվել է ինչ-որ անհատի կողմից։ Ուզում եմ շեշտել, որ հիմնադրամը ստեղծվել է 2017թ-ին և այդ գումարները հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից՝ կամավոր»։
Նազարյանը հորդրորեց մայրերին առանց հուզվելու և նյարդայնանալու հրավերը ուղարկողներին հայտնել իրենց որոշման պատճառների մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը