Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Երևան քաղաքի կենտրոնում ապօրինի շինարարություն է իրականացնում։
«Հետք»-ը մարտի 31-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ֆիքսել էր, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասում շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Լունապարկի» սկզբնամասում՝ «Քուին բուրգեր» սննդի կետի հարևանությամբ բետոնաշաղախ մեքենա է աշխատում, իսկ սննդի կետի հետնամասում՝ հենասյուներ են կառուցվում։ Արդեն հաջորդ աշխատանքային օրը՝ ապրիլի 1-ին, աղբյուրը գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան, խնդրել տրամադրել շինարարությունը թույլատրող քաղաքաշինական փաստաթղթերը։
Երևանի քաղաքապետարանից այսօր՝ մարտի 5-ին, ստացած պատասխանից պարզ դարձավ, որ շինարարությունն ապօրինի է իրականացվում, իսկ կառուցապատողն ԱԺ պատագամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին է` Ալբերտ Սուքիասյանը։
Ուշադրություն արժանի է այն փաստը, որ ապօրինի շինարարությունն արձանագրվել է մարտի 31-ին, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են մեկ օր առաջ (30.03.2022թ.)։ Այսինքն ապօրինի շինարարության մասին արձանագրությունը կազմելու հաջորդ օրը Ալբերտ Սուքիասյանը շարունակել է շինարարությունը:
Երևանի քաղաքապետարանից փորձել են ճշտել՝ արձանագրությունը կազմելուց հետո ապօրինի շինությունը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ են հաջորդելու կառուցապատման փաստը հաստատելու վարչարարությանը։
Արդեն բանավոր հարցերին ի պատասխան քաղաքապետարանից փոխանցել են, որ Ալբերտ Սուքիասյանի կողմից կատարված իրավախախտման համար առաջիկայում 200 հազար դրամ տուգանք նախատեսող վարչական ակտ կկազմվի, իսկ շինարարությունը շարունակելու դեպքում՝ 2.5 միլիոն դրամ։
Լուսանկարը՝ «Հետք»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը