Չեխովի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջով, որ չեն ցանկանում իրենց դպրոցի տնօրեն նշանակվի մի մարդ, ում չեն ճանաչում: Նրանք քաղաքապետարան էին գնացել ի աջակցություն դպրոցի նախկին տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանի, ով երկար տարիներ դպրոցում է աշխատել:
Քաղաքապետարանում ակցիայի մասնակիցներին դիմավորեց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ով պնդեց, որ աշակերտները պետք է հետ գնան դպրոց: Իսկ նրա հարցին, որ աշակերտներն անչափահաս են և չպետք է գային, վերջիններս պատասխանեցին, որ եկել են ծնողների հետ:
«Երեխաները պետք է վերադառնան դասի, երեխաների հետ ես բան չեմ խոսելու»,- նշեց տեղակալը և համաձայնեց իր մոտ քննարկման հրավիրել միայն ուսուցիչներին ու ծնողներին:
Իսկ լրագրողների հարցերին՝ ի՞նչ հիմնավորմամաբ են Տաթևիկ Մելքոնայնին հանել ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և նշանակել իրենց թեկնածու Դիանա Մինասյանին, Հովհաննիսյանն այդպես էլ չկարողացավ պատասխանեց. «Նույն հիմնավորմամբ ենք հանել, որով նրան նշանակել էինք ժամանակավոր պաշտոնակատար»:
Մեր ճշտող հարցին՝ ո՞րն է այդ հիմնավորումը, Լևոն Հովհաննիսյանը միայն ասաց. «Դե լավ էլի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը