Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի առաջին նիստում ներկայացվել է 2019թ. գործունեության ծրագիրը: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հրաչյա Սարգսյանը, խոսելով տարվա անելիքների մասին, նշել է, որ ծրագրերը պետք է լինեն առարկայական եւ իրագործելի:
Քաղաքապետարանից հայտնում են, որ հանձնարարվել է հետեւողականորեն ուշադրություն դարձնել ծրագրերի ընթացքին ու դրանց լիարժեքորեն իրականացմանը: Տարեկան ծրագիրն ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ. աշխատանքներ կտարվեն հավասար եւ մատչելի պայմանների ապահովման, կրթության եւ մասնագիտական ուսուցման ծրագրերի իրականացման, զբաղվածության խթանման, հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ի հետ համատեղ սոցիալական ծրագրերի իրականացման եւ մի շարք այլ ուղղություններով:
Ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում, հասարակական վայրերում ու հանգստի գոտիներում 175 թեքահարթակ կկառուցվի: Առաջարկվել է գործընթացին մասնակից դարձնել նաեւ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի թեքահարթակները կառուցվեն չափորոշիչներին համապատասխան: Ճանապարհային ոստիկանության կողմից մի շարք խաչմերուկներում կտեղադրվեն հետիոտնային ձայնային ազդանշաններով նոր լուսացույցներ:
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսների ուղեսրահներում կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհայտարարեն կանգառների անվանումները: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը