19 04 2018

Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից



Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: 

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետն ասել է. «Դուք բոլորդ կառավարության այն անդամներն եք, որ շաբաթներ առաջ ընդունեց որոշում հանրապետության նախագահին հատկացնել Կոնդի 7 առանձնատներից մեկը, որտեղ երբևէ չէին բնակվել ոչ առաջին, ոչ երկրորդ նախագահները: Իհարկե, ծանոթ եմ այն փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշման կայացման համար: Դրանք փաստարկված էին, և ես ԱԺ-ում պաշտպանել եմ ձեր փաստարկները:

Բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստն անցկացնողի բազկաթոռին: Սա այլ իրավիճակ է:

Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց այսօր:

Հիմա հանրապետության երրորդ նախագահի բնակարանի խնդիրը լուծելու ժամանակը չէ։ Շնորհակալություն կառավարության հարգելի անդամներ, բայց այդ հարցին կարող եք անդրադառնալ, երբ այս բազկաթոռին նստած կլինի ուրիշ վարչապետ»:

Հիշեցնենք, որ մարտի 29-ի նիստում կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցւթյան պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, թե ինչու է այդ առանձնատունը տրամադրվել Սերժ Սարգսյանին, վերջինս պատասխանել էր. «Այդ իրավունքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով չի հասնում՝ կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև, բոլոր դեպքերում, ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ