21 02 2024

Ընդդիմադիրը հիշեցնում է ՔՊ-ականի խոսքերը, թե «խոպանչիներին» չեն հարկելու

Ընդդիմադիրը հիշեցնում է ՔՊ-ականի խոսքերը, թե «խոպանչիներին» չեն հարկելու

Երբ 2022-ի տարեվերջին նիկոլականներն ընդունեցին ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու օրենքը, զգուշացնում էինք, որ հաջորդ քայլը լինելու է արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելը։ Իշխանությունները համառորեն հերքում էին, հայտարարում էին, որ խոպանչիներին ոչ ոք հարկելու մտադրություն չունի։ Տեսա՞ք, ով էր ճիշտ, իսկ ով սխալվեց կամ ձեզ գիտակցաբար մոլորեցրեց.․․։ Այս մասին գրում է ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ներկայացնում եմ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ նիսկում ունեցածս ելույթի մի հատվածը (բառացի մեջբերում նիստի սղագրությունից)։

«Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք, այս օրենքի մեջ, օրենսդրական փոփոխության մեջ ռիսկեր եմ տեսնում, որոնց մասին Կառավարությունը, թերևս, բացահայտ չի խոսքում, բայց այդ ռիսկերը կան։

Մի քանի անգամ փորձ է արվել՝ հարկել խոպանչիներին, այսինքն` մարդը եկամուտն ստանում է ոչ Հայաստանում, գալիս է Հայաստան, նրան հարկում են: (...) Այսինքն` մեր հայրենակիցները, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն կարողանում աշխատանք գտնել, ստիպված՝ վերցնում են ձեռքը պանդուխտի ցուպը և գնում են դուրս։ Այնտեղ աշխատում են, ապրում են, մեղմ ասած, ոչ բարեկեցիկ կյանքով, կոպեկ-կոպեկ աշխատում են, փողը փոխանցում են այստեղ, հիմա մենք պահանջում ենք, Կառավարությունը պահանջում է, որ իրենք հայտարարագրեն իրենց եկամուտները։ Այսօր կհայտարարագրեն, վաղը դրանից կօգտվեն և կհարկեն։»

Ի պատասխան իմ ելույթի, թե՛ ՔՊ-ական պատգամավորները, թե՛ կառավարության ներկայացուցիչը հայտարարեցին, որ խոպանչիներին չեն հարկելու։

« Բ.ԹՈՒՆՅԱՆ

-Պրն Խաչատրյան, շնորհակալություն ձեր հարցի համար, որն ինձ հնարավորություն տվեց` ևս մեկ անգամ փարատել այն թյուր տեսակետը, որը մեր քաղաքացիների մոտ փորձ էր արվում ձևավորել դեռևս 2018թ., երբ առաջին անգամ սկսեց խոսվել այս համակարգի մասին։ Խոպանչիներին որևէ մեկը չի հարկելու։ »

Ցանկացողները կարող են այցելել ԱԺ կայք և ծանոթանալ քննարկումների սղագրությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ