Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում: Դա ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող և բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է:
Մասնավորապես, այս պահին առկա են առնվազն հետևյալ փաստերը.
1. Ադրբեջանական զինված ծառայողները մոտ 2 շաբաթ առաջ մինչև 1 կիլոմետր հանգիստ ներխուժել են ու տեղակայվել Հայաստանի, մասնավորապես՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում, այդ թվում` վրաններ տեղադրելով: Ավելի ճշգրիտ` խոսքը Ներքին Հանդի վարչական տարածքում գտնվող նախկին գյուղի մասին է:
2. Ներխուժելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները սկսել են իրենց համար դեպի «իրենց նոր դիրքը» տանող ճանապարհ կառուցել, այդ թվում` տեխնիկայի օգտագործմամբ: Աշխատանքները դադարեցրել են միայն վերջին մի քանի օրվա եղանակային պայմանների, մասնավորապես` ձյան պատճառով:
3. Ներքին Հանդում բնակիչներն ի սկզբանե տեղյակ են այս ներխուժման մասին, նրանք են նկատել ադրբեջանական զինծառայողներին և Կառավարությունից բացատրությունների բացակայության պայմաններում մարդիկ հայտնվել են անորոշության ու անհանգստության մեջ:
4. Վերջին մի քանի օրերին սկսվեցին արդարացի հանրային քննարկումներ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ տարածք ներխուժելու վերաբերյալ, եղան լրատվամիջոցների հրապարակումներ:
5. ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր ստիպված հանդես եկավ ներխուժումը «կտրականապես հերքող» պաշտոնական հայտարարությամբ և նշեց.
«Նշված [այսինքն` Ներքին Հանդի] հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»:
Պաշտպանության նախարարության այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Նախ, Ներքին Հանդի և հարակից մի քանի գյուղի բնակիչների վկայությամբ` որոշակի ձյուն եկել է միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին, բայց անանցանելի պայմաններ չեն առաջացել առհասարակ, իսկ փետրվարին եղանակային պայմանները եղել են գարնանային բնույթի:
Ես ինքս այս տարածքներում եղել եմ 2021թ. դեկտեմբերի սկզբին, ինչպես նաև 2022թ. փետրվարի 16-ին և 17-ին և կարող եմ համոզված պնդել, որ եղանակային պայմանները 2 այցերի ժամանակ էլ բնույթով գարնանային էին, գրունտային ճանապարհներն անգամ առավելապես չոր էին:
Հետևաբար, հակառակ ՊՆ-ի պնդման` եղանակային պայմանների պատճառսվ տարածք օգտագործելու անհնարինության մասին խոսք լինել չի կարող:
Նշվածից բացի, այդ տարածքում ադրբեջանական զինված դիրքեր կամ այլ տեղակայումներ երբևէ չեն եղել: Չեն եղել ու հիմա էլ չկան ՀՀ Զինված ուժերի դիրքեր կամ այլ տեղակայումներ:
Ավելին, գյուղի բնակիչների վկայությամբ՝ այն վայրերից, որտեղ ներխուժել ու ապօրինաբար տեղակայվել են ադրբեջանական զինված ծառայողները, իրենք ազատ օգտվել են նախորդող ողջ ժամանահատվածում, այդ թվում` արոտավայրերից ու հողատարածքներից. ադրբեջանական որևէ ծառայող այդ վայրերում երբևէ չի եղել:
Այս պահին ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են գյուղի անվտանգության ու մարդկանց իրավունքների տեսանկյունից բոլոր առումներով բացարձակ անընդունելի վայրում` անմիջական դիտարկման տակ ունենալով գյուղը:
Ուստի, ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը բացարձակ դատապարտելի է. դրանով փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքի մասը զիջվում է Ադրբեջանին:
Այդ հայտարարությունը, ամբողջությամբ անտեսելով մարդկանց անվտանգությունը, լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների իրավական որևէ հիմք չունեցող ներկայությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում:
ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը նաև խիստ խնդրահարույց է ՀՀ ԶՈւ և ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայողների անվտանգության ու կյանքի իրավունքի տեսանկյունից:
Դրանից բացի, խիստ մտահոգիչ է, որ Պաշտպանության նախարարության հայտարարությունում օգտագործված են ձևակերպումներ, որոնք արդարացնում են ադրբեջանական Զինված ուժերի արարքները, նրանց անմեղ է ներկայացնում Ներքին Հանդի ու մեր երկրի ողջ բնակչության առաջ:
Դեռ այսքանից հետո Կառավարությունը մարդկանց պահում է անորոշության մեջ ու անգամ բացատրություն չի տալիս, թե արդեն 2 շաբաթ է, ինչ են անում ադրբեջանական զինված ծառայողները Ներքին Հանդում: Հետո էլ մարդկանց մեղադրում է, թե խուճապ են տարածում:
Չի´ կարելի դժգոհություն չառաջացնելու ու սեփական թողտվությունը ծածկելու համար մարդկանց պահել անորոշության ու անհանգստության մեջ:
Ո՞ր իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարությունն անում ՀՀ ինքնիշխան տարածքի մասը Ադրբեջանին զիջող, ադրբեջանական իրավազորությունը ապօրինաբար հաստատող և ողջ երկրի անվտանգությունը վնասող հայտարարություն:
Այդ հայտարարությամբ սեփական ժողովրդից ու արտաքին աշխարիհից թաքցվում են ադրբեջանական հանցավոր արարքները:
Բավակա´ն է ձեր անպատասխանատու հայտարարություններով խաթարեք մեր ողջ բնակչության ու երկրի անվտանգությունը, նպաստեք մարդկանց իրավունքների խախտումներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը