Հույս ունեմ, որ խաղաղությունը կպահպանվի։ Մենք՝ որպես երկիր, որն անցել է 2020թ. պատերազմի ավերածությունների միջով, այլ կարծիք չենք կարող ունենալ։ Ես ձեռնպահ եմ մնացել հայտարարության նախագծի ընդունման քվեարկությանը։ Այս մասին փետրվարի 22-ին՝ լրագրողների հետ զրույցում, ասել է Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստում ընդունվել է հայտարարություն, որը դատապարտում է Ռուսաստանին Ուկրաինայի հարցով նրա քաղաքականության կապակցությամբ։
Նա պարզաբանեց, որ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ է դրվել մի քանի օր առաջ եւ ընդունվել է երեկ։ Ըստ մամուլի` բանաձևն ունի հակառուսական բովանդակություն և կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարը, սակայն, հրաժարվեց խոսել բանաձևի բովանդակության մասին` առաջարկելով մի փոքր սպասել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը