16 02 2022

Հայտնի է՝ ում է առաջադրել «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ թափուր տեղի համար

Հայտնի է՝ ում է առաջադրել «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ թափուր տեղի համար

«Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը։ Այս մասին  տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցն ընդգրկված է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 22–ի նիստի օրակարգում։

Անժելա Նալբանդյանը 2010-2013 թվականներին զբաղեցրել է «Արմենիա» հեռուստաընկերությունում կոմերցիոն բաժնի գովազդի գծով մասնագետի հաստիքը, ապա եղել է  «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ, իսկ հետո ղեկավար: 2015 թվականին զբաղեցրել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը, 2017 թվականից «Զանգեզուր» հեռուստաընկերության պրոդյուսերն է, ինչպես նաեւ՝ «Para TV» առցանց հեռուստաընկերության փոխտնօրենը:  Անժելա Նալբանդյանը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի եւ բանաստեղծ Հակոբ Մովսեսի թեկնածությունները։ Նրանք հունվարի 21–ին ընտրվել են այդ պաշտոններում։0

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ