11 02 2022

«Զանգեզուրի միջանցքը» Սյունիք ներխուժելու, այնուհետև ամբողջ Սյունիքը զավթելու քաղաքակիրթ ձևակերպում է. Ռուբեն Մելքոնյան

«Զանգեզուրի միջանցքը» Սյունիք ներխուժելու, այնուհետև ամբողջ Սյունիքը զավթելու քաղաքակիրթ ձևակերպում է. Ռուբեն Մելքոնյան

«Այսօր մենք գործ ունենք մի պետության հետ, որը մոտ 100 տարի իր հասարակությանը, իր քաղաքականությունը՝ ներքին ու արտաքին, կրթական համակարգ, կառուցել է  հակահայկականության վրա»,-  «Հաշտեցում Բայրաքթարների տակ» թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ սա հասարակությանը պետք է ասել, իսկ իշխանությունները ներկայացնում են մի այլ Թուրքիա, ինչը հանցավոր մոտեցում է։

«Հաճախ ինձ մոտ տպավորություն է, որ ես 20 տարի ուսումնասիրել եմ այլ երկիր, ինչ հրաշալի երկիր է, ինչ լավ պրոհայկական  քաղաքականություն է  վարել Հայաստանի նկատմամբ, և մենք այդ ամեն ինչը չենք տեսել։  Խոսում են մարդիկ, որոնք գիտելիքների մինիմալ  պաշար էլ չունեն  Թուրքայի մասին, իրավունք չունեն նման տգետ ձևակերպումներ անել»,- ասաց թուրքագետը։

Նա ընդգծեց, որ թուրքական հասարակության ընկալման մեջ հայը, Հայաստանը թշնամի է առնվազն 100 տարի։  Ռ.Մելքոնյանը վստահ է, որ Թուրքիայի այս իշխանության մոտ էլ որևէ բան չի փոխվել, եթե նույնիսկ փոխվել է, դեպի վատը։

«Հայաստանը, լինելով թուրքական թիրախ, այնուամենայնիվ, անցնող տասնամյակներում կարողացել է  արժանապատվորեն իրեն պահել, չգնալ թուրքական տարատեսակ նախապայմաններին, պահել է իր  երկրի արժանապատվությունը,  դրա շնորհիվ ավելի մեծ հարգանք, ավելի մեծ գործոնի դեր է ունեցել, քան այս պարտվողական, հաշվետվողական տրամադրությունների կոնտեքստում»,- ասաց Ռ.Մելքոնյանը։

Նրա ներկայացմամբ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում երկու  կոմպոնենտ կա. առաջին՝ սահմանների բացում և  դիվանագական հարաբերություններ ունենալ, երկրորդ՝  հաշտության գնալ, որը վերաբերում է  տարատեսակ խնդիրներին՝ Հայոց ցեղասպանության, պատմական տարբեր խնդիրներ, Արցախի և այլն։

«Այս երկու  կոմպոնենտները պետք է առանձնացնել, բայց ստացվում է  այնպես, որ  այսօրվա իշխանական քարոզն այնպիսին է, որ  այս երկուսը միացնում են իրար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմաններ բացեն, դրա դիմաց  Ցեղասպանության, Արցախի, Կարսի պայմանագրի հարցեր լուծել շատ արագ ու վերջացնել։ Օրինաչափորեն էլ այդպես չի կարող լինել, քանի որ  երկու հասարակությունների միջև կա խորքային, դարավոր կարծրատիպեր, մոտեցումներ։

Առաջին քայլը, որ պետք է արվի,  առանձնացնել այս երկու կոմպոնենտները»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ ունենալը, հաստատելը լրիվ այլ բան է, հաշտության գնալը լրիվ այլ բան է։ Օրինակի համար նշեց Հունաստանն ու Թուրքիան, որոնք ունեն համանման խնդիրներ, բայց նաև այդ երկրների միջև կան բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ, բայց որևէ հույն չի ասել՝ ոչմիթիզությունը ռաբիսություն է։

Ռ.Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի առաջ քաշած երեք նախապայմանների հարցում նույնպես որևէ դրական փոփոխություն չկա, դրանց ավելացել են նորերը։

Թուրքագետը հիշեցրեց Էրդողանի հայտարարություններից մեկը, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններ կհաստատվեն, երբ Հայաստանը դադարեցնի անցյալի հիման վրա թշնամանքի տարածումը։

«Անցյալի հիման վրա թշնամանքի տարածումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, այլ ընկալում չկա։ Հայաստանից պատասխանում են՝ այդ հարցը Հայ դատի, Սփյուռքի տարբեր կառույցների խնդիրն է։ Այսինքն Հայաստանը կարծես հրաժարվում է  այս  խնդրից և Թուրքիայի տեսանկյունից Հայաստանից եկող դրական մեսիջ է»,- աաց Ռ.Մելքոյանը։

Խոսելով 1921 թ. Կարսի պայմանագրի մասին, մասնագետն ասաց, որ այն մեր ժողովրդի և մասնագիտական շրջանակների ու օբյեկտիվության տեսանկյունից համարվում է անօրինական պայմանագիր, Հայաստանը  երբեք այդ պայմանագիրը չի ճանաչել. «Թուրքիան պահանջում է ոչ թե մենք ճանաչենք Թուրքիայի այս պահի սահմանը, ընդհակառակը՝ ասում է սահմանը՝ Կարսի պայմանագիրը։ Հայաստանի որևէ իշխանություն Կարսի պայմանագիրը չի ճանաչել, բայց ասում ենք, մենք այս  պահին եղած սահմանը ճանաչում ենք։

Ճիշտ է՝ այդ սահմանը գծվել է Կարիս պայմանագրով, բայց ուրիշ բան է  ճանաչել սահմանը, այլ բան, որ  վերաճանաչում ես Կարիս պայմանագիրը։ Սա դետալ է, բայց կարևոր. Թուրքիայում կա Սևրի սինդրոմ, բայց  հասարակության մեծ մասը չգիտի, որ կա Կարսի պայմանագրի բարդույթ»։

Նոր ավելացած նախապայմանը, Ռ.Մելքոնյանի խոսքով, «Զանգեզուրի միջանցքն է», որի մասին խոսվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրում»։

«Սա Սյունիք ներխուժելու, այնուհետև ամբողջ Սյունիքը զավթելու քաղաքակիրթ  ձևակերպում է, այստեղ տեսնել տնտեսական որևէ բան, ուղղակի բացահայտ կեղծիքեր են»,- նշեց նա։

Ռ. Մելքոնյանն անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, որ «Հայաստանը պետք է դաս քաղի վերջին պատերազմից,  և մենք դաս ենք տվել, եթե այդ դասը քաղել է  Հայաստանը, ուրեմն մենք  կկարողանանք հարաբերություններ հաստատել», նշեց, որ սա,  դիվանագիտության ամենաէլեմենտար նորմին ծանոթ մարդը կհամարի դիվանագիտական ամենակոպիտ վիրավորանք, որին կարող են հաջորդել տարատեսակ հայտարարություններ, պրոցեսներ, բայց այս իշխանությունների համար Էրդողան, Ալիև, Չավուշօղլու և ուրիշներ,  կարծես երբևէ թշնամու ընկալում չունեն։

«Այս իշխանությունները շատ արագ կարձագանք Աշոտ Երկաթին, տարբեր գեներալներին, Հայաստանի նախկին նախագահներին, տարատեսակ հայտարարություններ կանեն։
Արտաքին և ներքին որոշ շրջանակների թիրախները հենց նույն մարդիկ ենք, շրջանակները, որոնք ազատագրել են հայրենիքի մի մասը»,- ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Նյութի աղբյուրը՝ Panorama.am

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ