09 02 2022

Պարարտանյութերի թանկացման մասով որևէ քայլ չի արվել․ Արթուր Խաչատրյանը՝ Քերոբյանին

Պարարտանյութերի թանկացման մասով որևէ քայլ չի արվել․ Արթուր Խաչատրյանը՝ Քերոբյանին

Ազգային ժողովում հարց ուղղելով Էկոնոմիկայի նախարարին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ եթե երեք շաբաթ առաջ խոսում էինք պարարտանյութի գնի մասին, այսօր արդեն խոսում ենք ֆիզիկական առկայության մասին։

«Այս երեք շաբաթվա ընթացքում բացարձակ որևէ ջանք չի թափվել երևցող, որպեսզի խնդիրը լուծվի։ Խոսքս գնում է գարնանացանի նախաշեմին պարարտանյութի եռակի թանկացման մասին, որ հնարավորություն չի տալիս գյուղացիներին ձեռք բերել պարարտանյութ։ Հավելեմ, որ այս ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը երկու ամիս ժամանակով արգելել է ամունյակային սելիտրայի արտահանումը։ Եթե երեք շաբաթ առաջ մենք խոսում էինք գնի մասին, այսօր արդեն խոսում ենք ֆիզիկական առկայության մասին։ Երեք շաբաթ առաջ էկոնոմիկայի նախարարը խոսեց գյուղատնտեսության արդյուանվետության բարձրացման մասին, բարձրաժեք գյուղատնտեսության մասին, ինտենսիվ այգիներին անդրադարձավ, Թուրքմենստանից և Քաթարից ներկրումներին անդրադարձավ, բայց այսօր որևէ հարց, որևէ միլիմետր սայլը տեղից չի շարժվել։ Գարնանացանը վատ հատկություն ունի, որ գարնանը պետք է անել և չենք կարող սպասել մինչև օգոստոսի կեսերը»։

Պատգամավորի հարցերին ի պատասխան, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Մենք ևս շատ մտահոգ ենք պարարտանյութի գների և ոչ միայն պարարտանյութի գների կտրուկ բարձրացման առթիվ։ Երկուշաբթի օրը էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել պարարտանյութի սուբսիդավորման մասին կառավարության որոշման մասին նախագիծը, բայց միաժմանակ մենք շարունակում ենք բանակցությունները շուկայականից ավելի էժան գնով պարարտանյութ ձեռք բերելու համար։ ԵԱՏՄ-ի մասով Ռուսաստանը չի փակել ազատական պարարտանյութերի արտահանումը, և դա հասանելի է մեզ։ Նաև շարունակում են բանակցությունները Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև շուկայականից ավելի էժան գնով նաև պարարտանյութ ձեռք բերելու մասին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ