2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցրած եւ տարածաշրջանում ՌԴ-ի խաղաղապահ առաքելության սկիզբը դրած եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրավիճակը կայունացել է, դադարել է արյունահեղությունը, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում հավաքական անվտանգության խորհրդաժողովում:
«Անշուշտ, լարվածության օջախներ կան, դրանք կան հայ-ադրբեջանական սահմանին։ Ես այնտեղ էի, տեսել եմ սեփական աչքերով, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Բայց, ըստ էության, սահման որպես այդպիսին չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Պարբերաբար կրակոցներ են լինում։ Այդպես չպետք է լինի», - ընդգծել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ «Կողմերի առջև այժմ կանգնած է սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման գործընթացի մեկնարկի լուրջ խնդիր: Սա աշխատանքի մեծ և բարդ ծավալ է, որն, այնուամենայնիվ, թույլ կտա էապես ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը»,- վստահություն է հայտնել նա:
«Կան նաև զգուշավոր լավատեսություն, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջանև սկսվում է ուրիշ ժամանակաշրջան. ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց ամեն դեպքում պետք է ողջունել այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Զասը ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը