24 01 2022

Պապիկյանը երեք տարի առաջ կերազեր ճոխ և օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանիք ունենալու մասին․ Մանուկյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Ազգային ժողովի ամբիոնից ձայնագրություն միացրեց․

«Սա Սուրեն Պապիկյանի ձայնն է։ Այն Պապիկյանի, ով Փաշինյանի կողքին կանգնած` այս սրտաճմլիկ տեքստն էր արտաբերում և կորոնավարակի տարածման առումով հարսանյաց արարողություններ անցկացնելը խնդիր էր համարում։ Մարդ, ով երեք տարի առաջ կերազեր ճոխ և օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանիք ունենալու մասին։ Մարդ, ում քաղաքական թիմի ու այդ թիմի առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերվեց, հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, իսկ նրանց զգալի մասը զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից։ Նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը․․․»,- նշեց պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Պաշտպանության նախարարը հարսանիք է անում այն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս։

«Հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին։ Հարսանիք, որն իրականացվում է ժամանցի վայրեր առանց պատվաստման Քյու Առ կոդի կամ ՊՇՌ բացասական թեստի մուտք գործելու առողջապահության նախարարի չտրամաբանված արգելքի պայմաններում (հետաքրքիր է, թե իշխանական այս միջոցառման հյուրերից քանիսի՞ց է պահանջվել ներկայացնել այդ փաստաթղթերը)։ Եվ, ի վերջո, հարսանիք, որից կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում և որի վերաբերյալ ծպտուն անգամ չեն հանում իբրև թե հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող, օտարերկրյա ֆինանսավորմամբ դայլայլող հասարակական կազմակերպությունները»,-ասաց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ