ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը․
«Օրերս ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ: Տևական ժամանակ Արցախ չի կարողանում այցելել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող խումբը: Իհարկե, տարակուսելի և նաև ԲԱՑԱՏՐԵԼԻ է՝ հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-Ի չակերտավոր անկարողությունը:
Բայց այստեղ անբացատրելին նախևառաջ Բաքվից հնչող սպառնալիքներին և հոխորտանքներին պաշտոնական Երևանի լռությունն է:
Մոսկվայում հայ և թուրք բանագնացների հանդիպումից երկու օր առաջ Ալիևը հերթական հայատյաց կոչերն է հնչեցնում, բացահայտորեն հեգնում է հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ ձեւաչափը, նաև թուրքական դուետով հաստատում Արցախի հարցը փակված համարելու, նաև զենք ու զինամթերք գնելու ծրագրերի մասին:
Ի դեպ, դեկտեմբերի վերջին պոստ ֆակտում բացահայտված, դարձյալ Մոսկվայում տեղի ունեցած հայ և ադրբեջանցի մտավորականների հանդիպման ադրբեջանցի մասնակիցը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը փակված է և իրենք՝ հանդիպման մասնակիցները խոսել են միայն հումաիտար խնդիրներից: Մերոնք՝ Հայաստանի մասնակիցները լռում են, և չեն հերքում…Այս ինչ քիրվայական խաղաղության մուրացկանություն է, ինչպե՞ս և որտե՞ղ են ճշտվում այօրինակ հանդիպումենի մասնակիցների ցանկը և օրակարգը:
Քաղաքական մեծամասնության ողջ խոսույթը երկու հաստատումների մեջ է տեղավորվում՝ Հայաստան-Թուրքիայ դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, բաց սահման, տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքներ: Դե, իսկ իշխանամերձ գործարար շրջանակների հրճվանքն անթաքույց է: Սա կարելի էր մի կերպ հասկանալ, եթե չլիներ այն ողբերգական և աղետալի իրականությունն ինչի մեջ ապրում ենք, եթե չլիներ պատմական փորձը…: Եթե չլինեին թուրքական բայրաքթարների մսաղացի մեր հազարավոր զոհերը, եթե չլինեին տասնյակ հազարավոր տեղահանվածները:
Ինչ առանց նախապայմանների մասին է խոսքը: Եվ Հայաստանի Հանրապետության կողմից ոչ մի պաշտոնական մեղադրանք-գնահատական թուրքական ագրեսիային, Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին ոչ մի ծպտուն․․․ Մոռացել եք հիվանդանոցներ ու ծննդատներ ռմբակոծող, Ադրբեջանին ահաբեկիչներ մատակարարող, միջազգային մարդասիրական իրավունքը ոտնահարող, ի վերջո ցեղասպան Թուրքիային:
Ո՞րն է խաղաղության դարաշրջանի քպ-ական պատկերացումը: Եթե այն տեղավորվում է երեկ հնչած «բանակցում եմ ինչ-որ պետք է» հայտարարության մեջ, ապա ավելի քան ողբերգական է. մենք մի անգամ արդեն վայելել ենք այդպիսի մոտեցման պտուղները:
Ազգային արժանապատվության, մեր ապագայի կամ Արցախի մասին միայն քպ-ական պատկերացումները իրավունք չունենք պարտադրվելու ողջ ազգին, այդ թվում՝ Սփյուռքին:
Եվ, երբ այսօր առավոտյան քպ խոսնակը Ռուբինյան-բանակցողին նույնացնում էր Հայաստանի հետ, լավ կլիներ մինչ այդ հանրությանը ներկայացված լինեին այն կարմիր գծերը, որոնք ընկած են բանակցությունների հիմքում:
0-ական կամ սեփական կետից սկսելու երկրորդ այդպիսի մի հարված կնշանակի մեր ինքնության և պետականության վերջը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը