Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընտրել է ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունները իրեն վերագրելու գործելաոճ։ Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 2021 թվականի դեկտեմբերի 6-ին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու նպատակով։ Պատգամավորն առաջարկում է օրենքով սահմանել պետական դրոշի առավել լայն գործածություն, պետական խորհրդանիշի նկատմամբ հանրային ընկալումներում առավել մեծ հարգանքի ձևավորում և այլն։ Ի դեպ, Աղվան Վարդանյանը պետական դրոշի հանրայնացման վերաբերյալ առաջարկություններով հանդես է եկել նաև 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ՝ առաջարկելով Քաղաքացու օրը նշելու համար նախատեսված 50 մլն դրամ հատկացումներն ուղղել Պետական խորհրդանիշների օրվա միջոցառումների կազմակերպմանը, ինչը կառավարության կողմից մերժվեց։
Պետական խորհրդանիշների օրվա հետ կապված միջոցառումների համար գումարների հատկացումը մերժող կառավարությունը հիմա էլ փորձում է իրեն վերագրել պատգամավոր Աղվան վարդանյանի օրենսդրական նախաձեռնությունը։
Կառավարության կայքից պարզ է դառնում, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ի նիստում Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին։ Նախագծի փաթեթից պարզ է դառնում, որ դա վերաբերում է պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը, սակայն կառավարության որոշման տեքստում այդ մասին չի հիշատակվում՝ տպավորություն ստեղծելով, որ նախաձեռնության հեղինակը ոչ թե պատգամավորն է, այլ կառավարությունը։ Ավելին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը 2022 թվականի հունվարի 13-ին հարցազրույց է տվել և ասել, որ «Յուրաքանչյուր պետության համար պետականության հաստատման գործում չափազանց մեծ նշանակություն ունեն պետական խորհրդանիշերը, որոնք ունեն հսկայական բարոյահոգեբանական նշանակություն: Ըստ էության, նաև պետական խորհրդանիշերի հանդեպ ունեցած վերաբերմունքով է պայմանավորվում մեր վերաբերմունքը պետականության հանդեպ: Քայլերը, որոնք ձեռնարկում է կառավարությունը, ուղղված են հանրային գիտակցության մեջ ընդգծելու այդ արժեքների կարևորությունը: Առաջարկվում է դրոշը նախադպրոցական, հանրակրթական բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական մարզական մշակութային կազմակերպությունների պետության համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն ամրագրել»։
Նախարարի տեղակալ ողջ հարցազրույցում ոչ մի հիշատակում չկա առա այն, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակը պատգամավոր Աղվան Վարդանյանն է։ Ավելին, այն փորձ է արվում ներկայացնել իբրև կառավարության նախաձեռնություն։ Զավեշտալի նաև այն, որ Պետական խորհրդանիշների օրը նշելու համար գումարներ հատկացնելու Աղվան Վարդանյանի առաջարկությունը մերժած Հայաստանի կառավարության ներկայացուցիչը ասում է հետևյալը․ «Հանրային իրազեկվածության բարձրացման, հանրային վերաբերմունքի լիարժեքությունն ապահովելու համար հարկավոր են անցկացնել միջոցառումներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը