10 01 2022

ԶՈՒ փոխգնդապետին դաժան ծեծելու համար ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի նախկին օգնականը կալանավորվեց․ Yerkir.am

ԶՈՒ փոխգնդապետին դաժան ծեծելու համար ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի նախկին օգնականը կալանավորվեց․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

«ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար ՔՊ-ական պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը 5 տարով կալանավորվեց։ 2 տարի առաջ դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետը մինչ օրս անգիտակից վիճակում է։

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արտաշատի նստավայրում, դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 10-ին, տեղի ունեցավ Եղեգնաձորում 2019 թվականի սեպտեմբերի 17-ին մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված՝ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատական նիստը։ Վայոց ձորի նախկին մարզպետի, այժմ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական, գործով ամբաստանյալ Հարություն Գրիգորյանը 5 տարով ազատազրկվեց։ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով (ծեծ): Այս գործով նախորդ դատական նիստում վկայի կարգավիճակով ցուցումունք տված Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ Հովհաննես Գրիգորյանը նաեւ իր հորեղբոր թոռան ամուսինն է։

Թեև առաջադրված մեղադրանքով հաստատվել է, որ փոխգնդապետը ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, բայց դատապարտվեց ընդամենը մեկ անձ։ Քրեական գործի տվյալներով՝ շոշափվում են 3-4 հոգու անուններ, այդ թվում՝ նաեւ այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանի: Նրա՝ դեպքի վայրում գտնվելու մասին ցուցմունք էին տվել ականատես վկաները։ Այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ Զավեն Գրիգորյանը, որը նախկին մարզպետի օգնականի եղբայրն է, 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Նշենք, որ 2019 թ․ սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին ականատես վկաներ՝ զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լեւոն Հարությունյանը իրենց ցուցմունքներում եւ առերես հարցաքննության ժամանակ պնդել են, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում է եղել եւ անգործություն է դրսեւորել։ Ավելին, մամուլի տեղեկություններով, ԶՈՒ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանը Տրդատ Սարգսյանն անմիջական մասնակցություն է ունեցել, այդուհանդերձ, նրան մեղադրանք չի առաջադրվել։  Հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՔՊ-ական նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի եղել:

Yerkir.am-ի հետ զրույցում Արա Մխիթարյանի փաստաբան, իրավապաշտպան Արտակ Գալստյանը նշեց,  որ քրեական գործի այսքան մեղմ հանգուցալուծումը քաղաքական տարրեր է պարունակում։

«Միանշանակ, քաղաքական տարրեր կան։ Ունեցած ապացույցների հիման վրա նախաքննական մարմինը կարող էր գնահատական տալ մարզպետի գործողություններին, կարող էին գտնել գործով ներգրավված մյուս անձանց։ Մեկ հոգու դատեցին, գործը փակվեց-գնաց։ Նախաքննության ժամանակ Տրդատ Սարգսյանի անունը գործի միջից հանեցին, պարզ է, թե ինչու: Ինչ արել է, նախաքննական մարմինն է արել․ հայտնաբերել են ընդամենը մեկ անձի, մյուս երեքին իբր թե չեն կարողացել հայտնաբերել: Վստահաբար ասում եմ՝ ծեծկռտուքին մասնակից երեք հոգի այդպես էլ մնացին անհայտ: Միայն մարզպետի օգնականին դատեցին, մյուսներին ճանապարհեցին տուն: Մեկը Հարությունն է, մյուսն ասացին՝ Զավենն է՝ հանեցին, մյուս երկուսի դեպքում ասում են՝ անձը պարզված չէ: Դատավորը բացարձակ անաչառ է եղել, դատարան են բերել մի հոգու, դատավորն էլ դատել է։ Առաջադրված մեղադրանքի մեջ, հաշվի առնելով, որ Հարություն Գրիգորյանը մեղքն ընդունել է, զղջացել է, հինգ տարուց ավելի կալանքի որոշում չէին տալու»,- ասաց Գալստյանը։

Նշենք, որ Արա Մխիթարյանը դեռեւս կոմայի մեջ է։ Գալստյանն ասաց, որ երկու տարվա մեջ պատկան մարմիններից որեւէ մեկը չի հետաքրքրվել ԶՈՒ փոխգնդապետի որպիսությամբ։ Սա մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Մխիթարյանի հայրը։

«Մարդը դեռեւս կոմայի մեջ է, մենք պատրաստվում ենք քաղաքացիական հայց ներկայացնել դատարան։ Բացարձակապես որեւէ մեկը չի հետաքրքրվել։ Իրենց պետք էր մարզպետը, միջից հանեցին։ Վկաներից երեք-չորս հոգի ցուցմունք են տվել, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում։ Նույնիսկ մի վկա կար, ասում էր՝ անձամբ հետը զրուցել է։ Բայց այս ամենը դրեցին մի կողմ, ինչ-որ ձայնագրություն բերեցին, որ մարզպետն այնտեղ չի եղել։ Հենց վճիռը ստացավ օրինական ուժ։ Քաղաքացիական հայց կներկայացնենք դատարան՝ պատճառված վնասի փոխհատուցման համար»,- նշեց Գալստյանը։

Արա  Մխիթարյանի հայրը ծիծաղեց հարցից՝ իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը այս ընթացքում չի՞ եկել ԶՈՒ փոխգնդապետին տեսակցության։

«Այդ ե՞րբ են եկել, որ հիմա գան: Ոչ ոք չի եկել, ոչ մի ղեկավար անձ, միայն հոսպիտալի բժիշկներն են մեր կողքին կանգնած՝ պայքարում են տղայիս առողջության համար: Ես Տրդատին հարց եմ տվել՝ մարզպետ եք եղել, ու եթե մեղավորություն չունեք, ինչի՞ մինչ օրս չեք եկել տղայիս տեսության»,- ասաց նա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ