07 01 2022

ՀԱՊԿ մեխանիզմները երևի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք. Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ մեխանիզմները երևի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք. Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ մեխանիզմները երևի պատմության մեջ առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն: Այս մասին Առաջին ալիքի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում որոշում կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը նման քայլի գնաց, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հիմնական հարցերից մեկն այն է, որ ինչու, երբ ժամանակին ՀՀ-ն դիմել էր օգնության համար, չէր ստացել նման օգնություն, իսկ այսօր, երբ դիմում են ՀՀ-ին, ՀՀ-ն նման գործողություն է իրականացնում: Մենք շատ կարևորում ենք պատասխանատվությունը, որը վերցրել ենք, և այստեղ նաև կա մյուս հարցը. արդյոք ՀՀ-ն հետաքրքրված է, որ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցվեն: Այստեղ պատասխանը միանշանակ է՝ այո՛: Եթե «այո» է պատասխանը, ապա Հայաստանը, ելնելով այդ պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն: ՀԱՊԿ մեխանիզմների աշխատելու տրամաբանության մեջ գործընթաց է տեղի ունեցել»,- ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ ՀՀ վարչապետը, երբ տեղեկություններ է ստացել Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների մասին, երբ ստացել է նախագահ Տոկաևի դիմումը, որպեսզի ՀԱՊԿ-ն օգնություն տրամադրի, խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարների հետ, բոլորն իրենց գնահատականներն են տվել իրավիճակին, և երբ Հայաստանն իր որոշումը ևս կայացրել է նաև որպես նախագահող, այդ պահին այնտեղ, կարելի է ասել, այլևս հեղափոխական գործընթացներ չէին, ահաբեկչական գործողություններ կային:

 

«Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում նման որոշում է կայացվել»,- ասել է Գրիգորյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ