07 01 2022

Փարաքարում քաղաքացիների և ոստիկանների միջև բախումներ են եղել



Փարաքարում բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև, բնակիչները ներխուժել են համայնքապետարանի շենք։

Համայնքապետարանի բակում  հավաքվել էին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի աջակիցները եւ փորձեցին ներխուժել համայնքապետարանի շենք, ինչը թույլ չտվեցին ոստիկանները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, եւ 10 ձայնով նրանց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ