Դելիմիտացիայի այլընտրանքը դելիմիտացիա չունենալն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երբ որ ասում են դելիմիտացիայի այլընտրանք, ուղղակի չգնալն է այդ պրոցեսին, որովհետև քո ստարտային վիճակը թույլ է, դու դիվանագիտական հարաբերություններ չունես, դու երկկողմանի որևէ հարաբերություն չունես, առանց դիվանագիտական հարաբերությունների՝ ոչ մի տեղ դելիմտիացիան առաջ չի ընկնում, ուղղակի չեն սկսում, մարդ, որ շորեր է հագնում, սկզբից ներքնազգեստն է հագնում, վերջում «պալտոն» է հագնում, հակառակը չի լինում», - ասաց նա։
Քոչարյանի գնահատականով՝ սա դիվանագիտական այլասերություն է։
«Հասկանում եմ, որ մեզանից սպասում են ավելի արմատական գործողություններ, մենք ի՞նչ ենք ֆիքսում, ֆիքսում ենք այս իշխանության վարկանիշի շեշտակի անկումն ընտրություններից հետո, բայց, դեռ մեր գնահատականով, այդ վարկանիշի անկումը չի տրանսֆորմացրել զանգվածների պատրաստակամությունն ակտիվ պայքարելու համար. մենք համոզված ենք, որ այս մարդիկ իրենց հոժար կամքով իշխանությունը չեն թողնելու ու իշխանությունից հեռացնելու համար պետք են զանգվածային ընդվզումներ, զանգվածային փողոցային պայքար», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Նա նշեց, թե պատրաստում են զանգվածային ընդվզում.
«Անելու ենք, այդ ճանապարհին ենք։ Ինչ-որ բան կա, որ պետք է հասունանա, ես ինքս պատրաստ եմ ամեն ինչի։ Լինելու են քայլեր, որոնք մեծ հավանականությամբ պետք է բերեն հաջողության, հակառակ դեպքում, մեզ մեղադրելու են՝ բա ինչու չեք հաշվարկել, պետք էր ամեն ինչ հաշվի առնել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը