27 12 2021

Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից․ Ռոբերտ Քոչարյան



Մենք շարունակում ենք պարտվել քարոզչական պատերազմում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ինչպես պատերազմի ժամանակ, հիշում եք՝ ոչ մի երկիր հանդես չեկավ գոնե մեկ դատապարտող հայտարարությամբ այն պետությանը, որը սկսել է պատերազմը։ Մենք պարտվում ենք նաև հիմա և գիտե՞ք, թե ում ենք պարտվում, ինչ երկրի ենք պարտվում, ժողովրդավարության բաստիոնը ո՞ւմ է պարտվում։ Մենք պարտվում ենք մի երկրին, որտեղ իշխանությունը ժառանգական է, մի երկրի, որտեղ նախագահը նշանակում է փոխնախագահ իր կնոջը, որտեղ տասնյակ լրագրողներ բանտերում են, որտեղ նախագահի ընտանիքը բոլոր օֆշորային սկանդալներում կար։ Եվ մենք այդ երկրին պարտվում ենք Եվրոպայում քարոզչական պայքարում, սա ուղղակի մաստեր կլաս է հակառական իմաստով՝ կուլբիտով, թե էդ ոնց ենք պարտվում, ուղղակի չեմ հասկանում»։ 

Երկրորդ նախագահը նաև ընդգծեց․ «Չենք կարողացել այս տարվա ընթացքում մոբիլիզացնել միջազգային հանրությանը գերիների վերադարձն ապահովելու համար։  Արցախի մասով՝ անորոշությունը Ղարաբաղի անվտանգության հետ կապված, ապագայի հետ կապված մնացել է նույնն այս տարվա ընթացքում, բայց որոշակիություն մենք ստացել ենք վերջերս Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ՝ Հայաստանի դիրոքորոշման հետ կապված։ Արդեն հասկանալի է, եթե վարչապետն ասում էր, որ 2016 թվականից որևէ նույնիսկ տեսական հնարավորություն այլևս չկար Ղարաբաղն Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է՝ ըստ էության։ Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից և այս վերջին հայտարարություններով վարչապետը նաև, ըստ էության, կասկածի տակ դրեց Ղարաբաղի սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի ձևավորման հիմքում է դրված։ Կա՛մ չեն հասկանում, թե ինչ են անում, կա՛մ անում են ծրագրավորված»։ 

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ բոլոր կարևոր ուղղություններով մենք ունենք կատարյալ ձախողում․ «Շատ դեպքերում առաջին դեմքից իջնում ես ներքև և պարզ չէ, թե ումից հարցնես, ոչ մեկն իր տեղը բավարար ժամանակահատված չի աշխատում, որ հնարավոր լինի մարդուց հարցնել։ Ես իմ փորձով ասեմ՝ մարդ առնվազն պետք է երկու տարի մի պաշտոնում աշխատի, որ հնարավորություն ունենաս ասել՝ դու որտեղ ես եղել և ուր ես հասցրել․ չկա այդպիսի բան։ Մարդ կա տարվա մեջ 3 անգամ պաշտոն է փոխում, հիմա միտումնավոր են անում, թե ուղղակի չեն հասկանում ինչ են անում, մեծ հարց է ինձ համար, բայց մի վիճակ է, որ որևէ նախարարից չես կարող պահանջել արդյունք, որովհետև չի հասել այն պահը, երբ կարելի է հարցնել՝ իսկ դու ինչ վիճակում ես ընդունել և ինչ վիճակում ես հանձնում այդ նախարարությունը մեկ այլ անձի։ Սա մենեջմենթի ձախողման բարձր պիլոտաժի մասին է խոսում»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ