20 12 2021

Նիկոլի ընտրակեղծիքների տեխնոլոգիան․ 7or.am

Նիկոլի ընտրակեղծիքների տեխնոլոգիան․ 7or.am

7or.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ընտրակեղծիքների դեմ պայքարելու և ընտրակեղծիքները բացառելու խոստումով։ Բայց ինչպես «Անասնաֆերմայում» հեղափոխության առաջնորդ խոզը, այնպես էլ Նիկոլը չպահեց իր խոստումը։ Ճիշտ հակառակը՝ նա մտածեց, որ կարելի է ոչ թե ընտրակեղծիքների դեմ պայքարել, այլ սեփականաշնորհել այդ համակարգն ու աշխատեցնել սեփական աթոռի օգտին։

Նիկոլն այդպես էլ արեց։ Ընտրակեղծիքների մասին կոկորդ պատռող Նիկոլի օրոք որևէ ընտրակեղծիքային գործ չբացահայտվեց։ Ընտրացուցակները չմաքրվեցին։ Օդում կախված խոսակցությունները շրջիկ խմբերի, կրկնաքվեարկությունների, լրացուցիչ տպված անձնագրերի մասին խորացան։

«Թավշյա» ընտրակեղծիքներ

Բացի ավանդական ընտրակեղծիքային գործիքներից Նիկոլը նոր տեխնոլոգիաներ է կիրառում։

ՏԻՄ ընտրությունների ժամանակ այդ նոր տեխնոլոգիաներն ամբողջությամբ գործի դրվեցին։ Դրանց էությունը հետևյալն է։ Նիկոլը մինչև ընտրությունները փորձում է չեզոքացնել հակառակ դաշտից հանդես եկող պոտենցիալ հաղթող թեկնածուին և զրկել նրան քարոզչական հնարավորությունից։ Այդպես արվեց, մասնավորապես, Գորիսում։

Առուշ Առուշանյանին կալանքի տակ պահեցին համայնքի ընտրությունների ժամանակ։ Դա, իհարկե, չօգնեց և Առուշանյանը կալանավայրից հաղթեց ՔՊ–ական դրածոյին, բայց այդ տեխնոլոգիան օգնեց Նիկոլին այլ տեղերում, որտեղ ավագանիների ցուցակներից մարդկանց էին հանում՝ նրանց դեմ վարչական, ոստիկանական և հանցավոր ճնշումներ կիրառելով։

Բացի նախընտրական ապօրինություններից Նիկոլը նաև հետընտրական ապօրինությունների է դիմում։ Հետընտրականը նրա ընտրակեղծիքային նոր տեխնոլոգիաներից է։

Երբ Նիկոլենք պարտվեցին խոշոր քաղաքներում (Գյումրի, Վանաձոր և այլն), Սյունիքի մարզում ամբողջությամբ ու կեսից ավելի համայնքներում, որոշեցին խմբագրել ընտրության արդյունքները՝ հանցագործ զանգվածին ու ոստիկանությանը համատեղ հանցանքի դրդելով։ Ճնշումներ էին կիրառվում Թալինում, Վարդենիսում և բոլոր այն տեղերում, որտեղ չէր հաղթել ՔՊ–ական ուսապարկը։ Այս նոր տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ ձևականորեն ընտրությունները օրինական են համարվում, բայց հետո պետական իշխանությունն իր ապօրինի միջամտությամբ վերանայում է տեղական իշխանության ընտրության արդյունքները։ Դա հնարավորություն է տալիս սրանց հայտարարել, թե բա տեսեք ինչ արդար ընտրություններ են տեղի ունեցել, քանզի իշխող ուժի թեկնածուները պարտվել են։ Իրականությունն այն է, որ այդ ընտրության արդյունքները հետո կոպիտ վերանայվում են։ Նման լկտիություն չի եղել նախկինում։ Նիկոլինը դեմագոգիկ, լկտի տեխնոլոգիա է։ «Թավշյա» հեղափոխության նման։

Հայկ Ուսունց

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ