Yerkir.am-ը գրում է․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Խ. Մարտիրոսյանը հերթական անգամ մերժել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի՝ երկրից դուրս գալու մասին դիմումը:
Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը մեղադրվում է ռազմական դրության ժամանակ զանգվածային հավաքներ կազմակերպելու մեջ: Ավելի քան մեկ տարի անց վերոհիշյալ գործով քննությունն անգամ չի սկսվել, որևէ դատավարություն տեղի չի ունեցել, և, բնականաբար, որևէ վճիռ չի կայացվել: Փաստացի այս և ընդդիմադիրների դեմ հարուցված մի շարք այլ գործեր օգտագործվում են բացառապես մի շարք անկյունաքարային ընդդիմադիր գործիչների տեղաշարժը և քաղաքական գործունեությունը սահմանափակելու համար:
Որպես մերժման պատճառներ՝ քննիչը մատնանշել է հետևյալ հանգամանքները՝
● քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելը,
● մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով,
● քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելը,
● քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց խուսափելը․
● դատարանի դատավճռի կատարմանը խոչընդոտելը։
Ակներև է, որ այս հանգամանքներից որևէ մեկը իրականության հետ աղերս անգամ չունի, հետևաբար, փաստացի տեղաշարժի սահմանափակումը ոչ թե քննիչի, այլ քաղաքական իշխանությունների հրահանգն է: Այս միջոցով փաստացի փորձ է արվում արտերկրում կապեր և ազդեցություններ ունեցող գործիչներին զրկել Հայաստանի շահերը պաշտպանելուց:
Հիշեցնենք, որ խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր միջազգային պատվիրակություններում իր անդամների գործունեության առկախման մասին: Որպես նման որոշման պատճառ՝ խմբակցությունն առաջին հերթին մատնանշել էր իր մի շարք անդամների՝ երկրից դուրս գալու անօրինական արգելքը և խմբակցության 3 պատգամավորներին ապօրինի կերպով անազատության մեջ պահելը:
Փաստորեն, այս պահին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների շուրջ տասը պատգամավորի, որոնք ընդգրկված են տարբեր միջազգային պատվիրակությունների կազմում, քաղաքական որոշմամբ արգելում են երկրից դուրս գալ, և այդ մեղադրանքների մեծ մասն անցած տարվա նոյեմբերին զանգվածային հավաքներ կազմակերպելու համար է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը