02 12 2021

Մարտունիում ևս նախկինները հանգրվանել են ՔՊ-ի ցուցակում

Մարտունիում ևս նախկինները հանգրվանել են ՔՊ-ի ցուցակում

Մոռացումի խորխորատից, իրար հերթ չտալով, ՔՊ ցուցակի առաջին տասնյակում քաղաքական ասպարեզ են նետվել Գեղարքունիքի մարզի նակինում ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչները, որոնք ժամանակին ընտրական գործընթացներում անձնվիրաբար ծառայել են նախկին իշխանություններին:

Այս իմաստով հատկապես աչքի է ընկել Հովիկ Հովեյանը՝ իր եղբոր՝ Գեղամ Հովեյանի հետ: Հովեյանի եղբայրը՝ Գեղամը, ներկայումս Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամ է, ավելի վաղ՝ 2017 թ., Հանրապետական կուսակցության մեծամասնական ցուցակով Գեղարքունիքում պատգամավոր դառնալու համար ձայներ էր մուրում:

Իսկ հիմա հերթով՝ ՔՊ ցուցակի մյուս «նախկինների»՝ ՀՀԿ-ականների մասին: Անդրանիկ Հարությունյան. դեղագետ Անդոն «Մարտունի» ԲԿ-ի տնօրենն է։ Տարոն Արշակյան Մարտունու բժշկական քոլեջի տնօրեն, որն առավել հայտնի է որպես ՀՀԿ-ական Տարոն։ Տարոնը հասցրել է մի քանի անգամ ճամբարափոխվել՝ մե՛կ ՀՀԿ էր, մե՛կ՝ ԲՀԿ, հիմա էլ՝ ՔՊ:

Փաշինյանի՝ Մարտունու թիմում հանգրվան է գտել անգամ նախկինների շնորհիվ ընտանեկան բժշկի որակավորում ստացած՝ Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական և առողջապահական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, որը ջանք ու եռանդ չի խնայել Աստղաձորում և Ձորագյուղում հանրապետականների համար բարձր քվեներ ապահովելու գործում:

ՔՊ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է քրեական գործով անցնող Վահագն Դավթյանը: Նա մեղադրվում է մաքսանենգության մեջ՝ մաքսանենգ ճանապարհներով ապրանքներ է ներկրել: Նախընտրական շրջանում Վահագնի խափանման միջոցը փոխել են՝ ՔՊ-ի համար ձայներ բերելու հեռանկարով:

Կրկին վերադառնանք ՔՊ ցուցակը գլխավորող Հովիկ Հովեյանին: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2015 թ. սահմանադրական բարեփոխումների ժամանակ, Հովեյանը, որպես իշխանության համար շատ ձայներ բերած համայնքի ղեկավար, պարգևատրվել է «Նիվա» մակնիշի մեքենայով։ Հովեյանը համայնքում հայտնի է նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների և շենք-շինությունների աճուրդ-վաճառքով կամ դրանք վարձակալությամբ խնամի-ծանոթ-բարեկամներին, մերձավորներին տրամադրելու շնորհքով: Մեր հերոսը համայնքային հողատարածքը 2015-2016 թթ. ժամանակահատվածում օտարել է որդու՝ Արա Հովեյանի անունով, որն էլ իր հերթին վարձակալության է տրամադրել «Վիվասել ՄՏՍ»-ին:

Ավելի վաղ մամուլում հրապարակում էր եղել  Հովեյանի մասին, որում մասնավորապես ասվում է. «Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի քաղաքապետի թեկնածուի՝ նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Հովեյանի հարցում ՔՊ-ականները երկար-բարակ մտորելու պատճառ չեն ունեցել։ Ավելին՝ այս կերպ Փաշինյանը Հովեյան ընտանիքի՝ ժամանակին արած լավության դիմաց վարձահատույց է լինում: Ըստ տեղեկությունների՝ երբ 2018-ին Աննա Հակոբյանը մեկնել էր Ռուսաստան՝ հանդիպելու ռուսաստանաբնակ խոշոր գործարարների հետ, որևէ մեկը նրան չէր ընդունել, չէր պատվել, բացի Հովեյանի՝ Տյումենում ապրող մեծահարուստ բիզնեսմեն եղբորից՝ Աբրահամ Հովեյանից: Որպեսզի եղբայրն ավելի հպարտ ու ինքնագոհ քայլի Վարդենիկում, ասում են, նա Փաշինյանին բարձր դասի զրահապատ մեքենա էր նվիրել: ՀՀ վարչապետն էլ, լավության առավելագույն չափ սահմանելով, Աբրահամ Հովեյանի մի եղբորը բարձր պաշտոն է տվել պետական ապարատում, իսկ մյուսին՝ Հովհաննես Հովեյանին, Մարտունու քաղաքապետ դառնալու հնարավորություն ընձեռել: 2005թ նախկին «թալանչիների» հետ սերտաճած, այսօր արդեն ճամբարափոխված ՀՀԿ-ականը քաղաքական հետագիծն ուրանալու հնարավորությունը ձեռքից բաց չի թողել։ Ղեկավար աթողն այդպիսի բան է՝ ծառից ծառ պիտի թռչես, որ տակիցդ չփախչի։ Հովեյանը Փաշինյանին անձնուրաց ծառայել է նաև 2020 թ խոհրդարանական ընտրությունների ժամանակ՝ դռնեդուռ ընկած ձայն է «որսացել»։ Հովեյանը մարզում, շատ մեծ աթոռ զբաղեցնելու փափագով, ամենուր ներկայանում է որպես անկուսակցական՝ հանուն աթոռի մոռանալով նախկինների հետ անցած քաղաքական հետագիծն ու իր՝ ով լինելը: Նա գուցե մոռացել է, բայց Վարդենիկում երբեք չեն մոռանա: Պատմում են, որ Հովեյանի և Փաշինյանի սիրելի «նախկին կոռումպացված թալանչիների» միջև կապը բավականին ամուր է եղել, ինչի շնորհիվ Հովեյանին հաջողվել է համայնքում մի քանի բարեփոխումներ անել՝ այդպիսով արժանանալով վարդենիկցիների վստահությանը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Հովեյանը գաղափարական ուղղվածություն երբեք չի ունեցել: Պատերազմի ժամանակ ընդհատակ է անցել, իսկ երբ ադրբեջանցիները զավթեցին Գեղարքունիքի մարզի ռազմավարական նշանակության դիրքերը, որպես Վարդենիկի համայնքապետ՝ մարզի դիրքերից գեթ մեկ անգամ ելույթ չի ունեցել: Մի խոսքով՝ ով գալիս է իշխանության, մեր «հերոսը» հետևից վազում է»։

Այսքանից հետո՝ հռետորական հարց. ովքե՞ր են «նախկին», ովքե՞ր՝ «նոր», և արդյո՞ք Փաշինյանը «նոր» է, եթե վերջինիս սպասարկում են ամենակարկառուն նախկիններն ու վերջիններիս ամենավատահամբավ ներկայացուցիչները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ