24 11 2021

Հայաստանը տեղափոխել հետպատերազմյան փուլ․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանը տեղափոխել հետպատերազմյան փուլ․ Վահե Հովհաննիսյան

Երեկվա հայտնի  հարցազրույցում երկու շերտ կար՝ մակերեսային՝ իր  սխալներով, կիքսերով, որոնք էլ լայն քննարկման ու պախարակման առիթ դարձան։ Բայց կա խորքային հարց, որը ինչպես միշտ ստորադասվում է։

Նիկոլը անկեղծորեն չի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ Ադրբեջանը կանգ չի առնում, ինչո՞ւ երկրորդ նոյեմբերի 9-ից էլ հետո էլ ռազմական գործողություններ են լինում, զոհեր ու գերիներ ունենք, ինչո՞ւ կա նոր պատերազմի մեծ ռիսկ։ Նիկոլը չի պատկերացնում, թե ո´ւր կարող է գնալ պրոցեսը, չի հասկանում հնարավոր պրոցեսների տրամաբանությունը։ Նա այստեղ գուցե իրոք անկեղծ է։

Նիկոլը, ըստ էության,  չի հասկանում Հայաստանի ամենակարևոր խնդիրը. պատերազմից հետո Հայաստանը չի մտնում հետպատերազմյան փուլ, ինչու՞։

Այսօր Հայաստանի գլոբալ սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետությունը և ժողովուրդը մնան պատերազմի և պարտության տրամաբանության մեջ։

Հետպատերազմյան փուլն առաջին հերթին ներքին օրակարգն է, պետության ներսում արված հետևություններն ու փոփոխությունները։

Եթե սա չի արվում, ապա հակառակորդը կանգ չի առնելու։

Հետպատերազմյան փուլ մտնելու ամենաճիշտ ու էֆեկտիվ ճանապարհը Հայաստանում իշխանության փոփոխությունն էր։ Նիկոլն ինքնակամ չհեռացավ, նրա թիմը ամուլ էր՝ չգնաց ներքին փոփոխությունների, 680 հազար ընտրող սխալվեց, 800 հազարը՝ չմոտիվացվեց։

Կար նաև կիսաճանապարհ, եթե Նիկոլն էապես փոխվեր։ Դա էլ չեղավ։ Իրականության մասին նրա պատկերացումները մնացին քրեական գործերի և նախկիններին մեղադրելու խիստ նեղ շրջանակում։

 

Հայաստանի շատ բարդ հարցերը

 

Կա մեկ կարևորագույն խնդիր՝ ներքին փոփոխությունների շնորհիվ Հայաստանը տեղափոխել հետպատերազմյան փուլ։ Սա նշանակելու է Հայաստանի և հայկական աշխարհի բոլոր ռեսուրսների համատեղում։ Հայաստանի առաջ կանգնած հարցերը չափազանց բարդ են, դրանք չեն լուծվելու մակերեսային մոտեցումներով։

Նիկոլի շփոթվածությունը գուցե անկեղծ էր։ Նա պատասխաններ չունի։ Իսկ ո՞ւմ հետ քննարկի Նիկոլը բարդ հարցերը. իր իսկ նշանակած թիմակից բարձրաստիճան պաշտոնյաների՞- նրանց ունակությունները հենց այսօրվա Հայաստանի վիճակն են արտացոլում։ Անվտանգության խորհրդի՞- այնտեղ արդեն չկա ինքնուրույն կարծիքի ունակ գործիչ։ Իր շուրջ հավաքած արտախորհրդականների՞, որոնք գոյություն չունեն, թե՞ իր խմբակցության, որը մեկ զանգով դառնում է հակառուսական, իսկ հաջորդ օրը՝ պրոռուսական։

Բարդ հարցերը կարելի է քննարկել ոչ յուրայինների հետ։

Գործող նախագահի՞, որը Հայաստանից ինքնամեկուսացել է, թե՞ նախկին նախագահների, որոնց հանդեպ քրեական գործեր են հարուցվում։

 

Ընդդիմադիր միտքը չի կարող գերի լինել ընդդիմադիր ձևաչափերին

 

Իրավիճակը ճիշտ գնահատելու, ապագա հնարավոր պրոցեսների տրամաբանությունը ճիշտ հասկանալու առումով, բավական անմխիթար վիճակ է նաև ոչիշխանական համակարգերում։

«Ոչ սահմանազատմանը, ոչ սահմանագծմանը, ոչ ապաշրջափակմանը» բացականչությունները իրականում մատնում են պատկերացումների անորոշությունը։ «Մինչև Հադրութն ու Շուշին չվերադարձնեն՝ ոչ մի բանակցություններ» և այլն։ Իսկ հայ հասարակության պասիոնար տեսակի համար սրանք նոստալգիկ-հաճելի տոքսիկ գաղափարներ են. նա իրեն երբեք հարց չի տա՝ ո՞վ պետք է վերադարձնի, և ինչո՞ւ։

Ադրբեջանը մինչև պատերազմը գիտեր, թե ինչ է ուզում, ու պատերազմից հետո էլ, նոր պայմաններում, շատ լավ գիտի, թե ինչ է ուզում։ Թուրքիան էլ գիտի, Ռուսաստանն էլ, Իրանն էլ, թե իրենք ինչ են ուզում։ Մենք չգիտեինք, թե ինչ ենք ուզում մինչև պատերազմը, և չգիտենք թե ինչ ենք ուզում հիմա։ Առաջին դեպքում տեսանք, թե դա ինչի բերեց…

Ոչիշխանական համակարգերում, ընդդիմության մեջ կան լուրջ մարդիկ, ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց ամբողջականության մեջ ընդդիմադիր համակարգը պարբերաբար հանդես է գալիս ֆիդայականության շղարշով։ Ի՞նչ ասել է՝ դեմ ենք ապաշրջափակմանը։ Բա ինչի՞ն եք կողմ։ Գոնե նախկին

նախագահները հո գիտեն, որ իրենք տարիներով աշխատել են վերացնելու համար շրջափակումը, և ճիշտ են արել, պարբերական հաջողությամբ ստվերային և հրապարակային աշխատանք են տարել տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, և ճիշտ են արել։

Հայաստանի բարդ հարցերը պահանջում են առավելագույնս գրագիտություն, փորձ, զսպվածություն, հստակություն։

Նիկոլից սպասելիք գրեթե չկա։ Նա գնում է նեղ քաղաքական թիմով փակվելու ճանապարհով և չունի բարդ հարցերին պատասխաններ գտնելու ռեսուրս։

Բայց Նիկոլի երեկվա նախաբանակցային շփոթվածությունը միայն իր խնդիր չէ. դա Հայաստանի շփոթվածությունն է։ Սա պետք է լավ հասկանալ ու դրա հետևանքները դարձյալ Հայաստանինն են լինելու։

Այս պայմաններում կա երկու կարևոր գործ.

 

  1. Ոչիշխանական համակարգի, ընդդիմության սոլիդացում, հանրությանը ներկայացվող գաղափարների, տեսակետների հստակեցում՝ հիմնված պրագմատիզմի և ազգային արժանապատվության վրա։
  2. Միջընտրազանգվածային երկխոսություն. միևնույն է, Հայաստանը բոլորինս է, և այս գիտակցումով պետք է սկսենք իրար հետ խոսել, գանք միասնական գիտակցման, որ այս վիճակը շարունակվել չի կարող, ու գանք միասնական որոշման՝ փրկել պետությունը։

 

Խնդիրները ձևակերպելով՝ Հայաստանը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, Հայաստանին պետք է սոլիդ իշխանություն, Հայաստանը չպետք է վախենա խաղաղությունից, այդ նպատակով Հայաստանը կարճ ժամանակում պետք է ուժեղացնի իր անվտանգությունը, Հայաստանին պետք է նոր ներքին միջավայր ու նոր ներքին օրակարգ։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ