Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ Սյունիքում զորքերը հետ քաշելու միանձնյա հրաման է տվել, թող իրավապահները զբաղվեն այդ հարցով, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն ինքն է տվել, իսկ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ կատարել է այն։
Վահե Հակոբյանի խոսքով՝ Փաշինյանի այս հայտարարությունը կարող է դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում։
«Նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի մեջ արտացոլված է, որ զորքերը մնում են նույն դիրքերում, իսկ մենք Զանգելանի ուղղությամբ 20 կմ նահանջել ենք: Մենք այնտեղ այնպիսի դիրքեր էինք կառուցել, որ անգամ ավիացիոն ռումբերով չէին կարողանալու վնաս տալ:
Եթե մնացել է իրավապահ մարմին, ինչին ես կասկածում եմ, թող իրենք զբաղվեն վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությամբ և քրեական գործ հարուցեն», - ասել է պատգամավորը։
Արձագանքելով Փաշինյանի այն խոսքին, որ զորքերի հետքաշման հրամանն ինքը տվել է, քանի որ ռազմական գործողություններ սկսման վտանգ է տեսել, Վահե Հակոբյանն ասել է․
«Հոկտեմբերին, երբ նա եկավ Սյունիք և համայնքի ղեկավարներին հավաքեց, կոչ արեց, որ ամեն մեկն իր համայնքը պաշտպանի, արդեն գիտե՞ր որ թշնամին այդքան առաջ է գալու․ մարտերն ընթանում էին այդտեղից 50-60 կմ այն կողմ։ Այս հարցերի պատասխանները մենք չունենք այսօր, բայց վստահեցնում եմ՝ ունենալու ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը