«Հայ ժողովուրդը համակերպվել է այդ իրավիճակի հետ»,-CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն տրամադրման մեկնարկի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունների մասին։
Ալիևի խոսքով, պարտության հետ հաշտվել է նաև Հայաստանի ղեկավարությունը։
«Հայաստանի ղեկավարությունը նույնպես համակերպվել է պարտության հետ և Հայաստանում անցկացված խորհրդարանական վերջին ընտրությունները ցույց տվեցին դա: Սա պատմության մեջ աննախադեպ պատկեր է, երբ պարտված ղեկավարությունը կրկին ստանում է ժողովրդի ձայները: Այս դեպքում, իհարկե, Հայաստանը զինելը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Մենք սա դեռ չենք տեսնում, չենք դիտում: Բայց կային որոշ հայտարարություններ ռուսական կողմից: Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարը, ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ սկսվել է ռուսական զենքի Հայաստան առաքման գործընթացը: Սա շատ անհանգստացնող է»:
Նշելով, թե Հայաստանի պաշտպանության նոր նախարարը շատ անպատասխանատու հայտարարություններ է արել, Իլհամ Ալիևն ասել է.
«Կարծես թե ղարաբաղյան երկրորդ պատերազմը դեռ դաս չի դարձել բոլորի համար: Եթե այո, ապա մենք պատրաստ ենք նոր դաս տալու: Հետեւաբար, մենք հույս ունենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին, քանի որ դրա կարիքը չկա»,- ասել է նա:
Երկրի ղեկավարը նշել է նաեւ, որ Ադրբեջանին Հայաստանի հետ նոր պատերազմ պետք չէ:
Միաժամանակ, ըստ նրա, Ադրբեջանը տեսնում է, թե ինչպես է Հայաստանը զինվորներ տեղափոխում Արցախ՝ այն տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ:
«Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք այս հարցը, բայց ապարդյուն: Ուստի օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել: Եթե Հայաստանը պատրաստվում է պատերազմի, ապա մենք դա կանխելու ենք»,- ասել է Ալիևը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը