Հայաստանում եկել են «նորերը» և ողջ հմայքով ծաղկում են հին բարքերը թե՛ քաղաքական մտածողության մեջ, թե՛ վարքագծի մեջ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում մայրաքաղաքում հնչող կրակոցներին, որոնցից մեկը հայտնի գործարար, այժմ ՔՊ պատամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ էր։
«Եկել են նոր հորջորջով, որոնցով իրենց վարքագիծը բացարձակապես նորի մասին չի խոսում։ Հայաստանն այժմ անվտանգային իմաստով կանգնած է սպառնալիքի առջև, երբ թուրքը մեր հողում է, կաշկանդված ենք խոսել դետալներից, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ մեր երկիրը թաղված է դիլետանտության մեջ, մայրաքաղաքում տեղի ունեցողը այս անպատասխանատու քաղաքական ուժի իշխանության դրսևորումն է իր ողջ հմայքով»,- ասաց նա։
Լիլիթ Գալստյանի խոսքով, երկրի պետականությունը հարցականի տակ է, ինչին զուգահեռ անցյալի բոլոր արատավոր բարքերն ու երևույթները շատ ավելի խորանում են Հայաստանում․ «Իշխանությունն իր առաջին օրը սկսեց ատելության խոսքով։ Չի կարող երկրի վարչապետը խոսել բռնաճնշումներից, և դա վարքագիծ չդառնա։ Հայաստանում կատարվողը պատահական չէ․ անվտանգությունը խաթարված է բոլոր երեսներով՝ հոգևորից մինչև ֆիզիկական անվտանգություն։ ՀՀ քաղաքացիները ամենաթողության, անօրինականության, զոռբայության միջավայրում են․ սրանք նորեր են հնի բոլոր պախարակելի դրսևորումներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը