22 07 2021

Այս իշխանության օրոք մենք չենք բացառում պետականության կորուստը․ Իշխան Սաղաթելյան



Մենք մինչ ընտրություններն էլ ասում էինք, որ այս իշխանության վերարտադրվելու դեպքում ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվելու, այլ այն նոր դրսևորումներ է ունենալու, որովհետև ճգնաժամի բուն պատճառը, ըստ էության, հեռացված չէ, երկրում շարունակվում է անվտանգային և քաղաքական ճգնաժամը: Այս մասին այսօր ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան դաշինքի» անդամ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Փաշինյանի՝ ՍԴ որոշման անդրադարձի մասին:


Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե հետընտրական իրավիճակում պատրաստ են համագործակցության՝ զերծ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից՝ Սաղաթելյանը նշեց, որ նախ պետք է հստակ արձանագրել, որ ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը:

«Նա և նրա ամբողջ իշխանությունը կառուցված է ամբողջովին ստի և կեղծիքի վրա, ինքն էր հասարակությանը բաժանում «սևերի և սպիտակների», ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով, ինքն էր ասում՝ թաթիկներդ կկտրեմ, կփռեմ ասֆալտին, ծնոտդ կջարդեմ և այլն: Այսինքն՝ ատելության խոսքը ՀՀ-ում տարածել է թիվ 1 պաշտոնյան»,- շեշտեց նա:

Խոսելով մանդատները վերցնելու և հետագա գործունեության մասին՝ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ ասել են, որ լինելու են նոր որակի ընդդիմության և օգտվելու են ԱԺ-ի ընձեռած ողջ գործիքակազմից, որպեսզի նոր ուժ ու տան իրենց սկսած պայքարին:

«Օգտվելու ենք բոլոր հնարավորություններից՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու, լսումներ կազմակերպելու, հարցապնդումներ իրականացնելու, օրենսդրական փոփոխություններ առաջարկելու: Այս իմաստով ինչ հնարավոր է, անելու ենք, բայց սա չի նշանակում, որ մենք թողնելու ենք փողոցը, որովհետև մենք ստանդարտ և դասական վիճակում չենք, մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունեցել ենք մարդկային հսկայական կորուստներ և այս իշխանության օրոք մենք չենք բացառում պետականության կորուստը, հետևաբար, մեր քայլերն ու գործողությունները ևս ոչ ստանդարտ են լինելու, դասական իմաստով չենք գնալու նստելու ԱԺ-ում հարց տանք, պատասխան ստանանք, ելույթ ունենանք ու դրանով սահմանափակվի մեր ընդդիմադիր գործունեությունը»,-ընդգծեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ