22 07 2021

Ընտրություններն անցյալը չեն ջնջում․ Ռոբերտ Քոչարյան



Ընտրություններով չեն վերացվել այն պատճառները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամ։  Ընտրությունը ժամանակի մեքենա՞ է, կարո՞ղ է ժամանակը հետ պտտեցնել, թե՞ չի կարող։ Հասկանալի է, որ չի կարող։ Այն, ինչ կատարվել է 2020 թ. հոկտեմբեր, նոյեմբերին, այս քաղաքական թիմին միշտ հետապնդելու է։ Երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մոտ 400 հազար մարդ քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք այս իշխանություններին համարում էին դավաճան, կապիտուլյանտ, ապիկար։ Այս մարդիկ մնացել են Հայաստանում, այս մարդիկ, ի դեպ, երևի իրենց ակտիվությամբ, իրենց գիտակցությամբ, վերլուծելու ունակությամբ մեր որակյալ բնակչության հատվածն է։ Հիմա ո՞նց է կարելի այս պայմաններում խոսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Մենք մի շարք հարցերի պատասխաններ չունենք՝ ինչպե՞ս ենք կորցրել Շուշին, Հադրութը։ Այդ պատասխանները չունենալու պարագայում՝ հնարավոր չէ խոսել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Չի կարող այդպիսի բան լինել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով, միգուցե այս պահի համար սրությունը նվազ է, կարող է մեկ ամիս հետո սուր հնչողություն ստանալ՝ ընտրություններն անցյալը չեն ջնջում։

Երկրորդ նախագահը  400 հազար քաղաքացու այդպիսի կողմնորոշումը բավական լուրջ հանրային ընդվզում է համարում, և չի հավատում, որ նրանցից գոնե մեկն իր կարծիքը փոխելու է, և նրանք այսօր իր բարձրացրած հարցերի պատասխանները պահանջելու են։

«Մենք որևէ ողջամիտ պատասխան, որևէ բացատրություն չենք ստացել, թե ի վերջո այս պատերազմը պլանավորված պարտություն է՞ր, թե՞ ինչ էր, և եթե դուք համարում եք, որ այս տարանջատումը երկրի ներսում այսպիսի հարցի շուրջ, որը, կրկնեմ, ոչ թե սոցիալական, այլ ազգի լինել-չլինելու, պետության լինել-չլինելու հարց է,  եթե համարում եք, որ այս տարանջատումը բավարար չէ, այսպես ասենք,  երկիրը յուրաքանչյուր պահի նոր քաղաքական ակտիվացման փուլ մտնելու համար, սխալվում եք, այդպես չէ։ Սա մի ական է, որ լինելու է երկրի քաղաքական կյանքում այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունը չի ստացել այդ հարցերի պատասխանները», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ