NEWS.am-ը գրում է․ Քարահունջ գյուղում ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ազատ է արձակվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
«Պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը՝ գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը։ Հաշվի է առնվել նրա կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը եւ հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ քննության տվյալ փուլում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմամբ քննությանը խոչընդոտելու ռիսկը, եւ գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Լուսինե Ավետյանի փեսան` Դավիթ Ներսիսյանը, ուժային կառույցում է աշխատում, եւ, ըստ հավաստի լուրերի, հենց նրա միջոցով են կարողացել համոզել Ավետյանին՝ ցուցմունք տալ Առուշ Առուշանյանի դեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը