Քարահունջ վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի գործող դատական նիստը ընդմիջվել է։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Իրավաչափության դեմ բողոքը միացվեց կալանքի միջնորդությանը, քանի որ քննիչը կալանքի միջնորդությունը միաժամանակ բերեց, թեև պաշտպանական կողմը գտնում էր, որ պետք է առանձին քննվի, այնուամենայնիվ միացվեցին և համատեղ քննարկում իրականացվեց, և քանի որ պաշտպանական կողմը ծանոթ չէր կալանքի միջնորդության հիմքում դրված փաստական տվյալներին, պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց դրանց հետ ծաոթանալու համար, ուստի վաղը շարունակելու ենք նիստը՝ համապատասխան նյութերին ծանոթանալուց հետո»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը այսօր գործով ներգրավել է պաշտպան․ «Գործով պաշտպան ներգրավել են, բայց ցավոք սրտի շարունակելով իր գործելաոճը առանց պաշտպանի իբրև թե մեղադրանք է առաջադրել Լուսինե Ավետյանին, ինչը իրականում մեղադրանքի առաջադրման գործընթացի հետ որևէ կապ չունի, քանի որ մարդը նշել է, որ ցանկանում է, որ պաշտպանը ներկա գտնվի, և առանց պաշտպանի նա որևէ փաստաթղթի տակ չի ստորագրելու։ Այս գործընթացը վարույթն իրականացնող մարմինը գնահատել է որպես մեղադրանքի առաջադրում և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասով ես ևս իմ առարկությունները կներկայացնեմ։ Պաշտպանական կողմը գտնում է, որ փաստացի մեղադրանք առաջադրված չէ, հետախուզման մեջ չգտնվող և այս պահին փաստացի ձերբակալված մեղադրյալին մեղադրանք չի առաջադրվել, քանի որ խախտվել են քրեադատավարական օրենսդրության պահանջները»։
Փաստաբանը նշեց, որ Լուսինե Ավետյանը որպես կասկածյալ ցուցմունք է տվել և փաստարկված կերպով հերքել է իրեն վերագրվող հանցագործությունները․ «Լուսինե Ավետյանն օժտված չէր այնպիսի լիազորություններով, որպեսզի կարողանար որևէ մեկին դրամական օգնություն տար և այլն, նա ինքնուրույն համայնքի ղեկավար չի հանդիսանում, այլ Գորիս համայնքի մեջ մտնող Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարն է, և այսպիսի պայմաններում և փաստացի, և իրավաբանորեն նա կապ չունի այդ ամենի հետ»։
Հարցին, թե արդյոք սա քաղաքակա հետապնդում է փաստաբանը ասաց․ «Ես կարող եմ սա բնորոշել որպես ապօրինի քրեական հետապնդում, շարժառիթն առաջին հայացքից իհարկե քաղաքական է և թիրախն իմ կարծիքով այլ պաշտոնյաներ ու անձինք են , ընդամենը տիկին Ավետյանն ընտրվել է, որպես թույլ օղակ, հաշվի առնելով իր կին լինելը, ապօրինի քրեական հետապնդում են հարցում, փորձում են կալանքի տակ պահել, որպեսզի իրենց նպատակահարմար ցուցմունքներ կորզեն այդ մարդուց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը