Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը հայտարարություն է տարածել: Հայտարարությունը հրապարակել է Mediamax.am կայքը:
«Հարկավոր է ոչ թե մուրճ, այլ դիրիժորական ձողիկ
21-րդ դարում օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ ժողովրդավարական պետության կառավարումը չի կարող միանձնյա մենաշնորհ լինել: Հայաստանում, որը հետխորհրդային ողջ ժամանակահատվածում բախվում է տարածաշրջանային անվտանգության օրակարգով պայմանավորված մարտահրավերներին, միանձնյա, հուզական կառավարումը հանգեցրեց ողբերգության`44-օրյա պատերազմին: Ըստ պաշտոնական տվյալների, պատերազմում զոհվել են մինչեւ 4000 հայորդիներ, իսկ անհայտ կորածների եւ ռազմագերիների իրական թիվը Ադրբեջանը թաքցնում է՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերը նրանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին:
Այսօր մենք մեր զինված ուժերի ամբողջական բարոյալքման եւ անգործության եւ ազգային անվտանգության կառույցների անարդյունավետ աշխատանքի ականատեսն ենք: Հայաստանը կորցրել է իր տեղը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ, եւ իրավիճակը բարդանում է երկրի տնտեսապես ոչ գրավիչ լինելու պատճառով:
Նախաձեռնող օրակարգ ձեւավորելու, Հայաստանի անվտանգությունն ապահովող ճանապարհային քարտեզի շուտափույթ մշակման եւ իրագործման, ուժային կառույցների վերականգնման փոխարեն միանձնյա, հուզական եւ պարզունակ պետական կառավարման շարժիչ ուժն են դարձել վախերը եւ անհամոզիչ կանխարգելող քայլերը:
Նման միջավայրը, որտեղ ջնջվում է արժանապատվության զգացումը, եւ միանձնյա կառավարման նման համակարգը Հայաստանն ու նրա արտաքին քաղաքականությունը դարձնում են անկանխատեսելի եւ, գուցե, հարմար աշխարհաքաղաքական խնդիրների լուծմամբ հետաքրքրված բոլոր դերակատարների, սակայն ոչ մեր երկրի համար: Ցավոք, Հայաստանը դառնում է գործիք՝ բավարարելով բոլոր կողմերի շահերը, բացառությամբ սեփական շահերի:
ԼՂ կարգավորման հարցը փաստացի հանված է օրակարգից: Սկզբում ամբողջ շեշտը դրվում էր ռազմագերիների վերադարձի խնդրի վրա, այնուհետեւ՝ Ադրբեջանի զինված ուժերի Հայաստանի տարածք ներթափանցմանն ի պատասխան ցուցաբերած անգործությունից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վրա»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը