Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Բարի օր, Հայաստան:
Միանգամայն կանխատեսելի էր, որ պատերազմը պարտված անձը, որը մահվան է ուղարկել 5000 տղաների, ով խեղել է ավելի քան 10000 մարդու կյանք և չի հեռացել իշխանությունից, նաև ընտրական գործընթացը կազմակերպելու էր իր պատկերացումներին և ընկալումներին համապատասխան: Եվ այդ գործընթացը ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ ընտրական գործընթացի կանոնների հետ: Հենց իշխանությունն ամեն գնով պահելու մղում ունեցողների հիվանդագին երևակայության մեջ կարող էր պետական-վարչական ռեսուրսի օգտագործման նման հատուկ համակարգ ուրվագծվել:
Ներկայացնում եմ ընտրական գործընթացում առավելություն ստանալու նպատակով իշխանությունների կողմից իրենց տիրապետած պետական հնարավորությունների անօրինական օգտագործման ամբողջ համակարգը:
1. Անմիջականորեն ընտրություններից առաջ հիմնական կանոնների փոփոխությունները: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները չեն ստորագրվել ՀՀ նախագահի կողմից, ինչն ամբողջ այս գործընթացի կիսալեգիտիմության խորհրդանիշ է արդեն:
2. Ընդդիմախոսների դեմ իրավական ահաբեկման իրականացում.
- Քրեական գործերի հարուցում կամ նոր մեղադրանքներ ներկայացում,
- Ոստիկանության մարմիններ «բերման ենթարկելը» և բռնության գործադրումը,
- Անհասկանալի «բացատրական զրույցները» ուժային կառույցներում,
- Անվտանգության մարմիններում պետական ապարատի հետ “աշխատելու” նպատակով հատուկ խմբերի ձևավորում,
- Ընդդիմախոսներին լրտեսելը և հեռախոսների գաղտնալսումը։
3. Վարչական ռեսուրս.
- Այլ կարծիք ունեցողների ազատում աշխատանքից,
- Նոմինալ իշխանության հանրահավաքներին պետծառայողներին մասնակցելու հարկադրում,
- Մանուկների, դպրոցականների, դեռահասների զանգվածային ներգրավում, շահագործում,
- Ահռելի քանակությամբ ոստիկանների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների ներգրավում՝ վարչապետի պաշտոնակատարի ապահովության համար:
4. Պետական բյուջեի միջոցների օգտագործումը՝ նախընտրական նպատակներով.
- Անապահով ընտանիքներին նյութական, ֆինանսական օգնության տրամադրում,
- Բյուջետային նոր սուբսիդիաներ տրամադրելու վերաբերյալ խոստումներ,
- Ծառայություններ մատուցելու վերաբերյալ ժամանակավոր պայմանագրերի կնքում տարածքային կառավարման մարմիններում,
- Ընտրությունների նախօրեին գյուղական համայնքներին գյուղտեխնիկայի և այլ սարքավորումների տրամադրում:
5. Հանրային հեռուստաընկերության կողմնակալ աշխատաոճը՝ բացահայտորեն վարչապետի պաշտոնակատարի նախընտրական շահերի սպասարկում:
6. Քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի ագրեսիվ և ոչ ադեկվատ պահվածքը, ելույթները, բռնության և քաղաքական ու քաղաքացիական վենդետաների կոչերը, զանգվածային կադրային ջարդի սպառնալիքը։
Եվ այս ամենը տեղի է ունենում լռելյայն համաձայնության պայմաններում մեր արտաքին գործընկերների, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին նշանակություն ունեն հայ ժողովրդի վրա կատարվող այս էքսպերիմենտի արդյունքները: Որոշները ցանկանում են հասկանալ, թե ինչը շտկեն տեխնոլոգիաներում՝ այս փորձը աշխարհում ավելի լայն ու էֆեկտիվ տարածելու համար, իսկ մյուսները մտածում են, թե ինչպես անեն, որ հանկարծ այն չհասնի իրենց երկրներ:
Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության վերջին քայլին՝ կեղծել ընտրության արդյունքները։
Հայաստանը ունի բացառիկ շանս՝ հունիսի 21-ից սկսելու ներքին համերաշխության և ազգային վերելքի նոր էջ։
Դրա համար պահանջվում է, որ բոլորը վերադառնան օրենքի շրջանակներ, ցուցաբերեն քաղաքական և քաղաքացիական սթափություն, իսկ իրավապահները մնան չեզոք և կատարեն բացառապես օրենքից բխող իրենց պարտականությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը