23 01 2024

Ժողովրդավարական Եվրոպայի համար պետք է հիմնարար լինի այն, որ Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք. Արմեն Գևորգյան

Ժողովրդավարական Եվրոպայի համար պետք է հիմնարար լինի  այն, որ Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք. Արմեն Գևորգյան

«Ժողովրդավարության համաշխարհային վերջին համաժողովի ժամանակ՝ հենց այս դահլիճում, եզրակացություն արվեց այն մասին, որ ժողովրդավարական պետությունները հակված են խաղաղության, սակայն անցումը ժողովրդավարության խաղաղություն չի երաշխավորում: Չգիտեմ՝ արդյո՞ք սա Եվրոպայում շարունակվող պատերազմների եւ էթնիկ զտումների արդարացում էր, բայց այս տրամաբանությունը հետխորհրդային ժողովրդավարական պետություններին աշխարհագրական առումով տեղակայում է արեւմտյան եւ արեւելյան պարադիգմների առճակատման կենտրոնում: Արդյունքում ոչ թե ժողովրդավարական արժեքներն ու ավանդույթները, այլ ուժն ու ռեսուրսներն են դարձել Եվրոպայում խնդիրների լուծման հիմնական գործոնները: Այդպես, օրինակ, Եվրոպան հաշտվեց Լեռնային Ղարաբաղում հայերի շրջափակման եւ դրան հաջորդած էթնիկ զտումների հետ: Ամեն ինչ տանում է նրան, որ Եվրոպան կհամակերպվի նաեւ Ուկրաինայում նոր իրողությունների հետ»,- այս մասին նշել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ:

 Նա նշել է, որ շատ երկրներ են առերեսվում այն փաստի հետ, որ ժամանակակից ժողովրդավարությունը չափազանց «ճկուն» է, քանի  որ սկսել է սպասարկել որոշակի աշխարհաքաղաքական շահեր եւ առաջնահերթություններ: «Վերջին 30 տարիների ժողովրդավարական փորձերը մեր երկրները կանգնեցրել են կոնֆլիկտային «կամ...կամ» ընտրության առաջ, որտեղ, ի դեպ, միայն ազգային վերնախավերն են կրում սեփական երկրները սակարկության առարկա չդարձնելու հիմնական պատասխանատվությունը: Հայաստանի համար սա ոչ միայն ընտրություն է ժողովրդավարության եւ իր անցյալի միջեւ, այլեւ՝ այսօր տարածաշրջանում իր քաղաքակրթական ինքնությունը եւ պատմական դերը պահպանելու մարտահրավեր: Հայ ժողովուրդն արժանի է ժողովրդավարությանը, որը կարող է կանխել նոր ողբերգություններ իր պատմության մեջ եւ թուլացնել առճակատման լարվածությունը տարածաշրջանում»,-ընդգծել է Արմեն Գեւորգյանը։

Պատգամավորը վերոպացի գործընկերներին կոչ է արել մտորել Թուրքիայի՝ որպես Հարավային Կովկասում արեւմտյան ռազմավարության հիմնական խթանող ուժ հանդես գալու խնդրի շուրջ. «Թուրքիան գաղափարապես, քաղաքական եւ ենթակառուցվածքային առումով ինտեգրված լինելով ՆԱՏՕ-ին եւ ունենալով թյուրքական զավթողականության գլոբալ պլաններ՝ արեւմտյան ռազմավարության հիմնական խթանող ուժն է Հարավային Կովկասում։ Ուստի հարց է առաջանում՝ թուրքական գերիշխանությունն ի՞նչ կտա տարածաշրջանին ժողովրդավարության զարգացման եւ կայուն ու արդար խաղաղության հաստատման առումով։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ պանթյուրքիստական նկրտումները խրախուսվում են՝ Թուրքիայի ուշադրությունը Եվրոպայից շեղելու նպատակով»։

Նա նկատել է, որ որոշ պետություններ այսօր ագրեսիվորեն մարտահրավեր են նետում գործող միջազգային նորմերին ու կանոններին եւ իրենց պարտավորություններին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում. «Ղարաբաղում, Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում վերջին 6 ամիսների արյունալի իրադարձությունները հուշում են, որ ժողովրդավարական աշխարհը կորցնում է մնացած աշխարհին գաղափարապես, քաղաքականապես եւ տնտեսապես նոր հեռանկարներ առաջարկելու իր կարողությունը։ Եթե չկան երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության երաշխիքներ, ապա անհետանում է Արեւմուտքի վրա կենտրոնանալու մոտիվացիան։ Ուստի ժողովրդավարական Եվրոպայի համար պետք է հիմնարար լինի նաեւ այն, որ Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք եւ ապրել այնտեղ արժանապատիվ ու խաղաղ՝ արդյունավետ միջազգային երաշխիքներով եւ անվտանգության իրական պայմաններով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ