Երկրում երեք կարևոր ուղղություններով ստեղծված՝ անվտանգային, տնտեսական և հասարակության բևեռացվածության, ճգնաժամերից գոնե մեկը բավարար է, որ լինեն արտահերթ ընտրություններ։ Սա աննախադեպ իրավիճակ է Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս երեք բաղադրիչներն էլ արհեստածին են և ստեղծված են բոլոր ոլորտներում տարվող սխալ քաղաքականության արդյունքում։ Այս իշխանությունն իրեն ավելի լավ էր զգում քաոսային վիճակում՝ բաժանելով հասարակությանը սևերի ու սպիտակների՝ ատելություն սերմանելով։ Մեր նպատակները շատ պարզ են՝ վերականգնել բանակը, ապահովել երկրի անվտանգությունը, կանգնեցնել տնտեսության գահավիժումը, ապահովել տնտեսության թռիչքաձև աճ։ Մենք գալիս ենք հասարակությանը հանգիստ բերելու համար։ Այս վիճակում երկրի ղեկն ստանձնելը նշանակաում է շատ մեծ բեռի տակ ընկնել», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը շեշտեց, որ իր կյանքը բնականոն ընթանում էր մինչև 2018 թվականը և որևէ ցանկություն չի ունեցել հետ գալու, քանի որ այս շրջանում երկրի ղեկը ստանձնելը չափազանց մեծ պատասխանատվություն է:
«Իմ համար նման իրավիճակներից երկու անգամ պատվով դուրս գալու փորձի պարագայում երրորդ անգամ դրան գնալը նշանակում է ռիսկի տակ դնել իմ համբավը: Երրորդ անգամ մտնել այս պատասխանատվության տակ՝ նշանակում է կրկին դրանից պատվով դուրս գալ, սա իմ համար լինել չլինելու հարց է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց. «Մենք լաչառ չենք, գոռգոռալ չենք սիրում, բայց մենք 24 ժամ աշխատելու ունակություն ունենք, և մի վատ բնավորություն էլ ունենք՝ մյուսներին էլ ենք աշխատեցնում»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը