09 06 2021

Ում քաղաքական հայացքների պատճառով ազատել են աշխատանքից, վերականգնվելու են․ Ռոբերտ Քոչարյան



«Ես երևանցի չեմ, բայց վերջին 24 տարին ընտանիքիս հետ ապրում եմ Երևանում։ Դուք գիտեք՝ ինչպես եմ ես հայտնվել Երևանում։ Այս տարիների ընթացքում սիրեցի այս քաղաքը, երևանցի եմ դարձել։ Շատ աշխատանք ենք կատարել այստեղ՝ փորձելով փոխել քաղաքի տեսակը, դարձնել այն ավելի ժամանակակից, ավելի աշխույժ, ավելի շնչող մայրաքաղաք»,- «Հայաստան» դաշինքի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ 1997-98 թթ․ -ին մայրաքաղաքում լուսավորված էր ընդամենը մի քանի փողոց, իսկ բենզինը վաճառում էին ցիստեռների մոտ։ «Հիմա մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու համար, ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա՛ է մեր նպատակը, և այն իրականացնելու համար կա մեկ խոչընդոտ, որին պետք է վռնդել այստեղից»,- նշեց նախագահ Քոչարյանը։ 

«Գիտեմ, որ տարբեր ճնշումներով փորձում են խանգարել «Հայաստան» դաշինքի գործունեությունը։ Վստահ եմ, որ չեն կարող։ Բայց գիտեմ նաև, որ բյուջետային համակարգում բազմաթիվ մարդկանց ազատել են աշխատանքից։ Ասում եմ միանշանակ, որ կառավարության ձևավորման հաջորդ օրը բոլորը վերականգնվելու են իրենց աշխատանքներում, և  կոմպենսացվելու են նրանց քաղաքական հայացքների պատճառով կրած բոլոր կորուստները։

Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Հունիսի 20-ին դո՛ւք եք որոշելու՝ ինչպիսի Հայաստան ենք ունենալու, ինչ թիմ է ղեկավարելու երկրում։ Մենք առաջարկում ենք մեզ՝ որպես այն թիմը, որը պետք է վերափոխի երկիրը, մղի դեպի ապագա, բարելավի ձեր կյանքը, աշխուժություն ու ժպիտ հաղորդի բոլորիս», - ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

«Հունիսի 20-ին սպասում ենք ձեզ, ձեր քվեներին, և պետք է վստահ լինենք, որ քայլում ենք դեպի ուժեղ Հայաստան, և որ ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ