«Հայաստան դաշինքի» ներկայացուցիչներն ամեն ինչ կանեն, որպեսզի խուսափեն սադրանքներից։ Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը։
«Այսօրվա Հայաստանի իրավապահ համակարգի բարձրագույն և գլխավոր ղեկավարությունը ունի մեծ առաքելություն՝ հասարական համերաշխության ներքին կայունության ապահովման համար։ Ուզում եմ, որ իրենք քաջ գիտակցեն, որ յուրաքանչյուր գործողություն, անգործություն գտնվում է մշտադիտարկման ներքո։ Դաշինքի շրջանակներում ստեղծվել է մոնիթորինգային խումբ, որը մշտական ռեժիմով դիտարկում է իրավապահ մարմինների աշխատակիցների վարքագիծը։ Մենք ստանում ենք անընդհատ տեղեկություններ,թե ինչպես են իրենց պահում ոստիկանության ,ԱԱԾ, դատախազության, քննչական մարմինների ներկայացուցիչները և որքանով են նրանց գործողությունները տեղավորվում իրավունքի և գործող օրենսդրության շրջանակներում»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը