05 06 2021

Ինչո՞ւ և ինչպե՞ս Արցախը դուրս մնաց բանակցություններից․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Գեղարքունիքի մարզի քաղաքացիների հետ հանդիպումից․

«Ես Հայաստանի նախագահն եմ դարձել 1998 թվականից։ 1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։ Ըստ էության, ամբողջ 1997 թվականին և մինչև 1998 թ․-ի ապրիլ ամիսը (ես ՀՀ նախագահ եմ ընտրվել 1998թ․-ի փետրվարին, բայց այդ պաշտոնն ստանձնել եմ ապրիլին)։ Մինչ այդ, մոտ 1․5 տարի ինտենսիվ բանակցություններ են եղել ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի միջև։ Ինտենսիվ բանակցություններ՝ առանց Ղարաբաղի։ Ես Ղարաբաղի նախագահն էի, և Ժիրայր Լիպարիտյանը երբ գալիս էր, կիսատ-պռատ ասում էր, թե ինչ է եղել։ Կամ խոսում էր Ղարաբաղի այն ժամանակվա արտգործնախարար Արկադի Ղուկասյանի հետ։ Բայց Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել այդ բանակցություններին։
1997թ․ հունվարին, երբ Ժիրայր Լիպարիտյանն ազատվել է աշխատանքից, նա մամուլի ասուլիս է տվել և հայտարարել․ «Մենք այս գործընթացն սկսել ենք Վաֆա Գուլուզադեի հետ, մտածելով, որ կօգնենք պրոցեսն արագացնելու հարցում, բայց ստացվեց հակառակը»։ Սա փաստարկված ճշմարտություն է․ այս պրոցեսն առանց Ղարաբաղի սկսողն ու շարունակողը իր սխալն ընդունել է։ Հիմա այսքանից հետո մարդիկ ի՞նչ խղճով են ասում, թե ես եմ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել։ Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք ևս մեկ անգամ հրապարակել այդ փաստերը»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ