«Այն, ինչ տեսել ենք, սարսափելի է, հանրությունը ցնցված է այդ տեսարանից։ Ո՛չ էստեղ քաղաքական կողմնորոշում կա, ո՛չ նախընտրություններ։ Բարդ էր պատկերացնել, որ էսպիսի բան կարող էր լինել, հատկապես պոռոտախոսության այն շրջանակներում, որ իշխում է կառավարության ղեկավարի և իր արբանյակների գործելաոճում»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց դաշինքի անդամ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պատերազմի նահատակների՝ դիահերձարանի նկուղում հակասանիտարական պայմաններում, պոլիէթիլենային տոպրակների մեջ պահվող մասունքներին։
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այստեղ կա իրավական, քաղաքական, բարոյական խնդիր։ «Աշխատանքից ազատելը բավարար չէ, գործ ունենք պաշտոնեական անփութության, նույնիսկ դիակն անարգանքի ենթարկելու հանցակազմերի հետ։ Սա պետական մակարդակով կազմակերպված հանցագործություն է։ Չեմ մտածում, թե Փաշինյանը չի իմացել այդ մասին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, ծածկադմբոց է արվել՝ ընտրություններում ձայն չկորցնելու համար, որպեսզի ծնողներին հույս տան»։
«Խորհրդարանում որ ասում էր «պլյուս-մինուս 50», դրանք այն մասունքներն էին, որ դրել էին դիահերձարանի հատակին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ կոչ անելով լրագրողներին դատախազությունից հարցնել, թե ինչու գործ հարուցված չէ։ Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանի ճեպազրույցից շուրջ 40 րոպե անց դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը