12 07 2022

Վերսկսում է դատական գործընթաց՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված հերոսների մարմիների գործով

Վերսկսում է դատական գործընթաց՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված հերոսների մարմիների գործով

Պատերազմի զոհերի ծնողների բողոքի հիման վրա այսօր՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի գործընթաց՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով մեր հերոսների դիերի ու մասունքների սահմռկեցուցիչ տեսանյութի հետքերով:

Ընդ որում, սա այդ աղմկահարույց խայտառակ  բացահատման  հետագծով երկրորդ անգամ  վերսկսվող դատական գործընթաց է իրականում, առաջինը Գլխավոր դատախազությունն ինքն էր հրապարակումների հիման վրա քրգործ հարուցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ կանչվել-հարցաքննվել էին, իսկ հետո մեկ-երկու կոսմետիկ պաշտոնանկություն ապահովելուց հետո փակվեց թեման:

Ազդեցիկ տեսնյութով իրականությունը պայթեցնելուն հետևած հանրային բուռն ռեակցիան մեղմելու  նպատակով, ընդամենը ախատանքից ազատվեցին «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից, նույն ՊՈԱԿ-ի տնօրենը ստացավ խիստ նկատողություն, հետո ներողություն խնդրեց նախարար  Անահիտ Ավանեսյանը՝ իշխանության դիմագիծը փրկելու համար․ կես-բերան ներողություն խնդրեց զոհերի ծնողներից ու անցավ առաջ, իսկ քրգործը հապճեպ կարճվեց՝ իբրև հանցակազմի բացակայության հիմքերով:

Նիկոլ Փաշինյանը համարեց, որ ամեն ինչ արել է մեղավորներին բացահայտելու և պատժելու համար, բայց ծնողները հետևողականորեն բողոքել են կարճած վարույթի համար ու հիմա վերսկսում է դատական նոր գործընթաց՝ զոհերի մարմիններն անարգող իրական մեղավորներին  պատժելու համար:  

Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտում արել էին հենց զոհվածների հայրերը՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին:  Իսկ այդ օրերին, չմոռանանք,  ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվեր կառավարությունը չէր հրապարակում, ու ամեն օր թշնամուն հանձնած տարածքներում ծնողներն իրենք էին դաշտերով մեկ ընկած՝ մղկտոցով իրենց զավակների ոսկերները հավաքում:

Հասարակությանը ցնցած ազդեցիկ կադրերից հետո Առողջապահության նախարարությունը հաստատեց, որ լուսանկարները հենց դիահերձարանից են. ավելին՝ այդ մարմինները, փաստորեն, նույնականացվել էին ու սպասում էին իրեց տերերին, որ հարազատները տանեին,  արժանապատիվ կերպով հողին հանձնեին․ իսկ թե ո՞ւմ որոշմամբ, ու ինչո՞ւ էին այդպես արհամարհաբար գետին թափված պարկերով դիեր ու մասունքներ, ով և ինչ իրավունքով էր լկտիաբար  պղծել հերոսներին, այս հարցին ԱՆ-ն շատ ավելի զավեշտալի էր արձագանքել:

Դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման մասով ասել էր, թե  պահման այդ պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։ Դրանք նույնականացված էին ու ժամանակավորապես պահվում էին Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Նախարարությունից հայտնել էին․ «Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

 Սյուզի Բադոյան

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ