ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին ու միջազգային հանրությանն արած առաջարկին, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները հեռանում են Սոթք-Խոզնավար սահմանային հատվածից, դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվում են դիտորդները, դրանից հետո տեղի են ունենում սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ:
Նա մասնավորապես նշել է՝ Նիկոլ Փաշինյանի խոսքում ոչինչ չկար Վերին Շորժայի սահմանի հատվածի մասին, նշանակում է, որ այնտեղ ներխուժած ադրբեջանցիները շարունակելու են մնալ հայկական տարածքում:
«Ուշադրությամբ լսեցի վարչապետի խոսքերը եւ ուզում եմ հասկանալ՝ «ելման դիրքեր» ասվածն ինչ է իրենից ենթադրում։ Որտե՞ղ է ելման դիրքը եւ որտեղից պետք է հայելային հետ նահանջենք մենք՝ նույնն ակնկալելով Ադրբեջանից։
Նշվում է Սոթք-Խոզնավար համայնքների մասին եւ ինձ մոտ տպավորություն է, որ մենք ինքնաբերաբար Հայաստանի տարածքները կիլոմետր-կիլոմետր զիջում ենք:
Վարչապետի խոսքում ոչինչ չլսեցի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանի հատվածի մասին, ինչը նշանակում է, որ այնտեղ ներխուժած ադրբեջանցիները շարունակելու են մնալ հայկական տարածքում»,- գրել է Թովմասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը