26 05 2021

Հունիսի 20-ից հետո գերնպատակ է դառնալու շինարարությունը տեղից շարժելը․ Ռոբերտ Քոչարյան



Բնակարանաշինության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է բանկերի հետ համագործակցություն՝ հիփոթեք, վարկի տոկոսադրույքի ողջամիտ չափ, և եթե հնարավոր է՝ խրախուսման ծրագրեր։ Վարկի պարագայում միայն տոկոսադրույքի չափը չէ, կարևոր է նաև մարման երկար ժամկետը՝ 5, 10, թե 15-20 տաևով են տրամադրում։ Իմ նախագահության տարիներին այս ոլորտի զարգացման տեմպերը շատ արագ էին։ Երկիր շատ մեծ գումարներ էին գալիս։ Շինարարության ծավալների 60 տոկոսը ֆինանսավորվում էր մեր մասնավոր սեկտորի կողմից։ 2005-2007 թվականներին շինարարության ոլորտում մենք ունենում էինք 22-29 տոկոս աճ։ Երկրի ՀՆԱ-ն այն ժամանակ աճում էր 13-14 տոկոսով։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա նշանակում էր, որ երկիր այնպիսի գումարներ էին գալիս, որ բանկային ֆինանսավորմամբ շինաշխատանքների ընդամենը 12-14 տոկոսն էր իրականացվում։ Սա շատ փոքր տոկոս էր։ Սրանից հետո հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները սկսեցին իջնել, իսկ մարման ժամկետները՝ երկարել։ Ոլորտի բարելավման համար սպասելու եմ ձեր առաջարկներին։ Ես շահագրգռված եմ լինելու, քանի որ շինոլորտն ունի մուլտիպլիկացիոն ամենաբարձր էֆեկտը երկրի տնտեսության զարգացման համար։ Ներդրումներ ներգրավելու համար նաև կլաստերային մոտեցումներ կարելի է կիրառել։ Տարեկան 10-12 տոկոսի աճ ոլորտում հիմա միանգամայն իրատեսական թիվ է։ Անելու ենք։ Սպասելու եմ ձեր մասնագիտական առաջարկներին։ Հունիսի 20-ից հետո գերնպատակ է դառնալու շինարարությունը տեղից շարժելը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ