26 05 2021

Իմ նախագահության ամբողջ ժամանակահատվածում չի եղել մի դեպք, երբ հարկերն ավելացել են․ Ռոբերտ Քոչարյան



«Գործարարների համար ամենակարևորը կառավարության կանխատեսելիությունն է՝ ինչ քաղաքականություն է վարելու, անակնկալներ չլինեն, կանխատեսելի հարկային քաղաքականություն, վարչարարություն և այլն։ Իմ նախագահության տարիներին ես տարեկան մի քանի անգամ պարտադիր հանդիպում էի ոլորտի ներկայացուցիչների հետ, և մենք ուղիղ տեքստով քննարկում էինք խնդիրները, մեր կատարված աշխատանքը, պլանավորում մեր անելիքները միջնաժամկետ ու կոնկրետ տարվա կտրվածքով։ Չի եղել մի դեպք, որ նախագծածը չենք արել։ Արդյունավետ աշխատանքի առումով շատ եմ կարևորում կառավարություն-բիզնես աշխարհ հետադարձ կապը։ Երկրորդ կարևոր կետը՝ հարկային օրենսդրություն ու հարկային վարչարարություն։ Իմ նախագահության ամբողջ ժամանակահատվածում չի եղել մի դեպք, երբ հարկերն ավելացել են։ Ամբողջ ընթացքում միայն նվազման տենդենց էր, և նվազմանը զուգահեռ ավելի շատ հարկ էինք հավաքում, երբեք թերհավաքագրում չենք ունեցել։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«1998 թվականին ԱՀԿ -ն 30 տոկոս էր, կենսաթոշակային հիմնադրամի վճարները՝ 37 տոկոս, մենք միանգամից դարձրեցինք 15 տոկոս, եկամտահարկի չհարկվող շեմը 2000 դրամ էր, միանգամից դարձրեցինք 20000 դրամ։

2002-ին ընդունվել է փոքր և միջին բիզնեսին աջակցող օրենքը, դրանից հետո 1-2 անգամ անդրադարձել ենք այդ օրենքին։ Եվ հենց այդ տարիներին ստեղծվել է ՓՄՁ-ին աջակցող կառույց, որն ուներ պետական ֆինանսավորում և յուրաքանչյուր մարզում ներկայացուցչություն։ Կատարված աշխատանքի արդյունքը շատ հստակ էր․ 1997թ․-ին ՓՄՁ-ի մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում էր 17-18 տոկոս, իսկ 2008-ին այդ ցուցանիշը արդեն կազմում էր 46 տոկոս։

Եվ սա այն պարագայում, երբ ՀՆԱ-ն աճում էր երկնիշ թվերով։ Միշտ կարևոր եմ համարել նաև բիզնեսի պաշտպանվածությունը․ այդ տարիներին չի եղել մի դեպք, երբ ոստիկանությունը, ԱԱԾ-ն կամ մեկ այլ կառույց մտել է որևէ բիզնեսի գրասենյակ և մասկի շոու կազմակերպել։ Բիզնեսը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ։ Անհրաժեշտ էր նաև առևտուր կազմակերպել այլ պետությունների հետ, իսկ դրա համար պետք էր օրենսդրական բազա, որը և ստեղծվեց։

Տնտեսական առաջընթաց ունենալու համար պարտադիր պայման է, որ պետությունը հարգալից վերաբերմունք ունենա բիզնեսի նկատմամբ, քանի որ հենց փոքր և միջին բիզնեսն է արտադրանք ստեղծում»,- ասել է Երկրորդ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ